Հոդված 75. Բրոքերային (դիլերային) գործարքները: Սահմանափակումները
Հոդված 75. Բրոքերային (դիլերային) գործարքները: Սահմանափակումները
1. Բրոքերը (դիլերը) սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված որոշումներով (նորմատիվ իրավական ակտերով) սահմանված պահանջների պահպանմամբ իրավունք ունի բրոքերային ընկերության կազմում կամ դրա անունից և դրա լիցենզիայի հիման վրա`
ա) ընդունել, հաղորդել կամ կատարել արժեթղթերի գնման կամ վաճառքի հանձնարարություններ, հաճախորդի հաշվին և միջոցներով արժեթղթերով գործարքներ կատարել.
բ) կառավարել իր հաճախորդների արժեթղթերի փաթեթը (պորտֆելը) և արժեթղթերում ներդրման համար նախատեսված միջոցները, իրականացնել արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեություն, եթե բրոքերային ընկերությունն ունի նման գործունեության համար առանձին լիցենզիա.
գ) իրականացնել դիլերային գործունեություն.
դ) արժեթղթերով փոխառություններ տրամադրել և ստանալ, ինչպես նաև սեփական միջոցներով իր հաճախորդների համար արժեթղթեր գնել, Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված կարճ վաճառք իրականացնել.
ե) կազմակերպել և (կամ) իրականացնել թողարկողի արժեթղթերի չերաշխավորված տեղաբաշխումը.
զ) կազմակերպել թողարկողի արժեթղթերի երաշխավորված տեղաբաշխումը և (կամ) իրականացնել այն.
է) տեղաբաշխման կապակցությամբ թողարկողին խորհրդատվություն տրամադրել արժեթղթեր թողարկելու և դրանցով միջոցներ ներգրավելու հարցերով.
ը) իր հաճախորդներին խորհրդատվություն տրամադրել ներդրումների վերաբերյալ, ներառյալ` արժեթղթերի գնի, դրանցում ներդրումներ անելու, դրանք գնելու կամ վաճառելու հարցերով:
2. Դիլերը սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված որոշումներով (նորմատիվ իրավական ակտերով) սահմանված պահանջների պահպանմամբ իրավունք ունի դիլերային ընկերության կազմում կամ դրա անունից և լիցենզիայի հիման վրա իրականացնել միայն սույն հոդվածի 1-ին կետի «գ», «ե», «զ» և «է» ենթակետերով նախատեսված գործարքներ:
3. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված գործարքներից բացի, բրոքերային (դիլերային) ընկերությունը սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված որոշումներով (նորմատիվ իրավական ակտերով) սահմանված պահանջների պահպանմամբ իրավունք ունի արժեթղթերի պահառության գործունեություն իրականացնել, եթե բրոքերային (դիլերային) ընկերությունն ունի նման գործունեության համար առանձին լիցենզիա:
4. Բրոքերներին (դիլերներին) արգելվում է առանց լիցենզիայի սույն հոդվածով նախատեսված գործարքներ իրականացնել կամ առանց համապատասխան լիազորության ներկայանալ որպես բրոքերային (դիլերային) ընկերության կազմում կամ անունից գործող բրոքեր (դիլեր): Սույն սահմանափակման խախտումը մասնագիտական որակավորումը չեղյալ համարելու հիմք է:
5. Հանձնաժողովն իրավունք ունի իր որոշմամբ բրոքերային (դիլերային) ընկերություններին թույլատրել լրացուցիչ գործունեության այնպիսի տեսակներ, որոնք սերտորեն առնչվում են սույն հոդվածով նախատեսված գործունեությանը` անհրաժեշտության դեպքում դրանց իրականացման համար լրացուցիչ պահանջների սահմանմամբ:
Բրոքերային (դիլերային) ընկերություններին, բրոքերներին (դիլերներին) արգելվում է իրականացնել սույն հոդվածով չնախատեսված որևէ այլ գործունեություն, եթե այլ բան սահմանված չէ սույն կետին համապատասխան ընդունված իրավական ակտերով: Սույն սահմանափակման խախտումը լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հիմք է: