Հոդված 121. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ԴՐԱՆՑ ՊԱՏՎԻՐԱԿՈՒՄԸ
Հոդված 121. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ԴՐԱՆՑ ՊԱՏՎԻՐԱԿՈՒՄԸ
1. Հանձնաժողովն իր խնդիրները և գործառույթներն իրականացնելու համար օժտվում է սույն օրենքով նախատեսված իրավասությամբ և դրա շրջանակներում գործում է ինքնուրույն:
Իրավասության առանձին տարրերի իրագործումը պարտադիր է սույն օրենքով սահմանված դեպքերում: Եթե օրենքով նախատեսված է, որ Հանձնաժողովն իրավունք ունի կամ կարող է որևէ գործողություն կատարել, ապա դրա անհրաժեշտությունը Հանձնաժողովը որոշում է ինքնուրույն` առաջնորդվելով սույն օրենքի կարգավորման նպատակի առավել արդյունավետ իրագործման անհրաժեշտությամբ:
2. Հանձնաժողովն իր իրավասության սահմաններում և սույն օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով`
ա) իր որոշմամբ ընդունում է անհատական և համապարտադիր (նորմատիվ) բնույթի իրավական ակտեր (կանոններ, կարգեր, կանոնակարգեր, կարգադրություններ, հրահանգներ և այլն).
բ) հաստատում է իր պաշտոնական կարծիքը կամ իր իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ Հանձնաժողովի քաղաքականության հայտարարությունները.
գ) հաստատում է իր ֆինանսական և գործունեության տարեկան հաշվետվությունը.
դ) հաստատում է իր կանոնադրությունը, ստորաբաժանումների ցանկն ու կառուցվածքը, իր աշխատակիցների վարքագծի էթիկայի կանոնները, ներքին այլ կանոններ.
ե) նշանակում է լսումներ իրականացնող անձանց:
Սույն կետով նախատեսված գործառույթները վերապահվում են Հանձնաժողովի բացառիկ իրավասությանը:
3. Հանձնաժողովն իր իրավասության սահմաններում և սույն օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով`
ա) լսումներ է անցկացնում և դրանց արդյունքներով անհատական իրավական ակտեր ընդունում.
բ) վերահսկողություն է իրականացնում իր վերահսկողական իրավասության ներքո գտնվող անձանց գործունեության նկատմամբ:
4. Հանձնաժողովն իրավասու է պատվիրակել սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված իր իրավասության իրականացումը Հանձնաժողովի պաշտոնատար անձանց կամ կառուցվածքային ստորաբաժանումներին:
5. Պաշտոնատար անձի կամ ստորաբաժանման կողմից պատվիրակված իրավասության սահմաններում ընդունված որոշումները ենթակա են վերանայման Հանձնաժողովի կողմից` Հանձնաժողովի որևէ անդամի գրավոր պահանջի առկայության դեպքում: Նման պահանջը պետք է շարադրի պահանջի հիմնավորումը և ներկայացվի որոշման ընդունման պահից տաս օրվա ընթացքում: Եթե նման պահանջ ներկայացնելու պահից հետո` երեսուն օրվա ընթացքում, Հանձնաժողովը չի կայացնում համապատասխան որոշում, ապա ուժի մեջ է մնում տվյալ պաշտոնատար անձի, ստորաբաժանման կամ բաժանմունքների կողմից ընդունված որոշումը: