Հոդված 44. Փոխառության օգտագործման սահմանափակումները
Հոդված 44. Փոխառության օգտագործման սահմանափակումները
1. Հրապարակայնորեն վաճառվող արժեթղթերով կատարվող գործարքներում վարկային և այլ փոխառու միջոցների չարաշահումը բացառելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանափակել ցանկացած այդպիսի արժեթուղթ (բացի սույն օրենքի 6 հոդվածի համաձայն բացառություն կազմող արժեթղթերից) ձեռք բերելու (պահպանելու) կամ արժեթղթի գրավով տրվող և սպասարկվող փոխառությունների ծավալը:
2. Բրոքերներին և դիլերներին արգելվում է արժեթուղթ ձեռք բերելու (պահպանելու) նպատակով ուղղակիորեն կամ անուղղակիորեն որևէ հաճախորդի վարկ կամ այլ փոխառություն տրամադրել կամ սպասարկել, միջնորդել նման վարկի տրամադրման կամ սպասարկման համար` ի խախտումն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների:
Սույն կետի պահանջների պահպանման վերաբերյալ վերահսկողությունն իրականացնում է Հանձնաժողովը` սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված այլ որոշումներով սահմանված կարգով:
3. Բանկերին արգելվում է արժեթուղթ ձեռք բերելու (պահպանելու) նպատակով այլ անձի վարկ կամ այլ փոխառություն տրամադրել, սպասարկել կամ նման վարկի կամ այլ փոխառության տրամադրման կամ սպասարկման համար միջնորդել` ի խախտումն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների:
Սույն կետի պահանջների պահպանման վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` օրենքով և դրան համապատասխան ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով: