Հոդված 69. Ծառայողական տեղեկության հրապարակումը
Հոդված 69. Ծառայողական տեղեկության հրապարակումը
1. Ծառայողական տեղեկությունների հրապարակումը այն անձի, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահված են եղել, հայտնի են դարձել նրա ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ կամ տրամադրվել են սույն օրենքով սահմանված կարգով, արգելվում է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի: Մասնագիտացված անձը, նրա ղեկավարը կամ ծառայողը պարտավոր են մերժել ծառայողական տեղեկության տրամադրման ցանկացած միջնորդություն կամ պահանջ, եթե այն չի ներկայացվել սույն օրենքի դրույթներին համապատասխան:
Ծառայողական տեղեկության հրապարակում է համարվում այդ տեղեկությունը (կամ դրա ցանկացած կրիչը) բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը, երրորդ անձին հայտնի դարձնելը կամ տարածելը, երրորդ անձանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընձեռելը (թույլատրելը, չխոչընդոտելը կամ այդ տեղեկության պահպանման կարգի խախտման հետևանքով դրա հրապարակումը հնարավոր դարձնելը):
2. Ծառայողական տեղեկության հրապարակում չի համարվում և սույն հոդվածի 1-ին կետով չի արգելվում`
ա) մասնագիտացված անձին իրավաբանական, հաշվապահական, այլ խորհրդատվական կամ ներկայացուցչական ծառայություններ մատուցող կամ նրա համար որոշակի աշխատանքներ կատարող անձանց և կազմակերպություններին տվյալ մասնագիտացված անձի կողմից ծառայողական տեղեկություն հայտնելը կամ տրամադրելը, եթե դա անհրաժեշտ է այդ ծառայությունները մատուցելու կամ աշխատանքները կատարելու համար, և եթե այդ անձինք և կազմակերպությունները գրավոր պարտավորություն են տվել պահպանել տեղեկությունը և ձեռնպահ մնալ այն հրապարակելուց.
բ) մասնագիտացված անձի հաճախորդի կողմից կամ վերջինիս գրավոր կամ դատարանում տրված բանավոր թույլտվությամբ միայն իրեն վերաբերող տեղեկությունների հրապարակումը.
գ) մասնագիտացված անձանց նկատմամբ վերահսկողության իրականացման ընթացքում Հանձնաժողովին ծառայողական տեղեկությունների տրամադրումը: Հանձնաժողովն իրավունք ունի մասնագիտացված անձանց վերահսկողության ընթացքում ստանալ և ծանոթանալ մասնագիտացված անձանց հաճախորդներին վերաբերող տեղեկություններին, եթե այդ տեղեկություններն անհրաժեշտ են վարկային և այլ ներդրումների, այլ ակտիվների գնահատման կամ վերահսկողության սույն օրենքով սահմանված այլ նպատակների համար.
դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան ծառայողական տեղեկատվության տրամադրումը: