Հոդված 61. Մասնագիտացված գործունեությունը: Լիցենզիայի պահանջը
Հոդված 61. Մասնագիտացված գործունեությունը: Լիցենզիայի պահանջը
1. Արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեությունն այն գործունեությունն է, որը ենթակա է լիցենզավորման` Հանձնաժողովի կողմից սույն օրենքի VII և VIII գլուխների և դրանց համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) համաձայն:
2. Առանց մասնագիտացված գործունեության լիցենզիայի, արգելվում է`
ա) արժեթղթերի շուկայում նման գործունեություն իրականացնելը, դրա իրականացման առաջարկությամբ հանդես գալը կամ որպես այն իրականացնող անձ ներկայանալը.
բ) սույն օրենքի 60 հոդվածի 1-ին կետում նշված անվանումներն օգտագործելն իր անվանման մեջ կամ գովազդային նյութերում` սեփական գործունեությունը նկարագրելու կամ բնութագրելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ անվանման օգտագործման իմաստից ակնհայտ է, որ խոսքն արժեթղթերի շուկայում տվյալ մասնագիտացված գործունեությանը չի վերաբերում:
3. Մասնագիտական գործունեության առանձին տեսակների լիցենզիաները տրվում են Հանձնաժողովի կողմից` սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված որոշմամբ սահմանված կարգով:
4. Արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության մեկից ավելի տեսակներ իրականացնելը թույլատրվում է յուրաքանչյուր գործունեության համար նախատեսված լիցենզիայի առկայության դեպքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
5. Մասնագիտացված գործունեության լիցենզիան տրվում է անժամկետ: Լիցենզիան կամ դրանով նախատեսված իրավունքներն ու արտոնությունները չեն կարող փոխանցվել կամ այլ կերպ օտարվել: Լիցենզիայի ձևը սահմանում է Հանձնաժողովը: