Հոդված 123. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Հոդված 123. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
1. Հանձնաժողովի նախագահը ղեկավարում և կազմակերպում է Հանձնաժողովի աշխատանքը և կազմում է նիստերի ժամանակացանկը: Հանձնաժողովի նախագահը`
ա) համակարգում և ապահովում է Հանձնաժողովի բնականոն աշխատանքը.
բ) նախագահում է Հանձնաժողովի նիստերը, ստորագրում է Հանձնաժողովի որոշումներն ու նիստերի արձանագրությունները.
գ) կազմակերպում է Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարումը.
դ) ներկայացնում է Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.
ե) Հանձնաժողովի անդամների հետ խորհրդակցելով` բաշխում է պարտականությունները նրանց միջև.
զ) Հանձնաժողովի անդամների հետ խորհրդակցելով` նշանակում և ազատում է Հանձնաժողովի աշխատակիցներին, ընդունում է որոշումներ նրանց խրախուսելու կամ կարգապահական տույժի ենթարկելու մասին.
է) կազմակերպում է Հանձնաժողովի որոշումների ընդունման համար անհրաժեշտ նյութերի նախապատրաստումը.
ը) իրականացնում է օրենքով կամ Հանձնաժողովի ներքին կանոնադրությամբ նախատեսված կամ դրանցից բխող այլ լիազորություններ:
2. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է Հանձնաժողովի նախագահի տեղակալը, իսկ վերջինիս բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում` Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը: