Հոդված 107. Ֆոնդային բորսայի կառավարման առանձնահատկությունները
Հոդված 107. Ֆոնդային բորսայի կառավարման առանձնահատկությունները
1. Եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ, ֆոնդային բորսայի անդամների ընդհանուր ժողովի վրա տարածվում են սույն օրենքի 92 և 93 հոդվածների պահանջները:
2. Ֆոնդային բորսայի անդամների դիտորդ խորհրդին և դրա նախագահին ընտրում և ազատում է անդամների ընդհանուր ժողովը: Բորսայի անդամների դիտորդ խորհրդի նախագահը կարող է միաժամանակ զբաղեցնել նաև բորսայի գործադիր տնօրենի պաշտոնը: Եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ, ֆոնդային բորսայի վրա տարածվում են սույն օրենքի 94 հոդվածի պահանջները:
3. Ֆոնդային բորսայի աշխատակիցներին արգելվում է ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնագիտացված անձանց կապիտալում ունենալ նշանակալից մասնակցություն, դրանցում զբաղեցնել որևէ պաշտոն կամ դրանց համար կատարել վճարովի այլ աշխատանք:
4. Մասնագիտացված անձինք, նրանց տնօրեններն ու այլ ղեկավարները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձինք իրավունք չունեն լինել ֆոնդային բորսայի գործադիր տնօրեն կամ գործադիր մարմնի անդամ:
5. Հանձնաժողովն իր որոշմամբ իրավունք ունի սահմանել պահանջներ, որոնք անհրաժեշտ են ֆոնդային բորսայի կառավարման մարմինների իրավասությունները հստակ տարանջատելու համար: