Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ

Հոդված 39. Գաղտնի համարվող տեղեկությունների հայտարարագրումը

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 39. Գաղտնի համարվող տեղեկությունների հայտարարագրումը

1. Եթե թողարկողը կամ սույն գլխի համաձայն հաշվետվություն կամ հայտարարագիր ներկայացնող այլ անձը (սույն հոդվածում այսուհետ` պատասխանատու անձ) դրանում ներառված ոչ էական որևէ տեղեկություն կամ փաստաթուղթ գաղտնի է համարում (որպես առևտրային կամ այլ գաղտնիք պարունակող) և ցանկանում է խուսափել դրա հրապարակումից, ապա նա կարող է հաշվետվության մեջ կամ հայտարարագրում այդ տեղեկությունը չլրացնել` նշում կատարելով, և այն առանձին տեղեկանքով ներկայացնել Հանձնաժողով, իսկ փաստաթղթի դեպքում` նշագրել այն որպես գաղտնի, հաշվետվության մեջ կամ հայտարարագրում բացահայտել դրա գոյությունը և տվյալ փաստաթուղթը ներկայացնել միայն Հանձնաժողով:

2. Գաղտնի տեղեկությունների և փաստաթղթերի ներկայացման կարգը սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ: Հանձնաժողովը պարտավոր է ներքին կանոնակարգերով և այլ միջոցառումների ձեռնարկմամբ բացառել նման տեղեկությունների և փաստաթղթերի հրապարակումը մինչև սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան որոշում կայացնելը:

3. Գաղտնի տեղեկությունների կամ փաստաթղթերի ստացման պահից 20 օրվա ընթացքում, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, Հանձնաժողովը պարտավոր է որոշում ընդունել դրանց գաղտնիությունը հարգելու կամ մերժելու մասին:

Եթե Հանձնաժողովը բավարար հիմնավորումներով կգտնի, որ այդ տեղեկությունները կամ փաստաթղթերն էական են, կամ դրանք անմիջապես չհրապարակելը կարող է վտանգել ներդրողների շահերը կամ տվյալ արժեթղթերի արդար գնագոյացումը, ապա կարող է մերժել դրանց գաղտնիությունը:

4. Տեղեկատվության կամ փաստաթղթի գաղտնիությունը մերժելու օրվանից 3 օրվա ընթացքում պատասխանատու անձը պարտավոր է լրացում ներկայացնել Հանձնաժողով և ուղարկել ֆոնդային բորսա ու թողարկողին` սույն գլխով սահմանված կարգով:

5. Եթե պահպանվել են սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով և դրանց համապատասխան ընդունված որոշումներով (նորմատիվ իրավական ակտերով) սահմանված կարգը և ժամկետները, ապա տվյալ հաշվետվությունը կամ հայտարարագիրը համարվում է ժամանակին և պատշաճ կարգով ներկայացված:

Եթե պատասխանատու անձը չի կատարում իր պարտականությունը սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված ժամկետում, ապա Հանձնաժողովը կարող է ինքնուրույն ուղարկել այդ տեղեկություններն ու փաստաթղթերը ֆոնդային բորսա և թողարկողին, ինչպես պահանջվում է սույն գլխով, ինչը պատասխանատու անձին չի ազատում օրենքով սահմանված պատասխանատվությունից:

6. Հետևյալ տեղեկությունների գաղտնիությունն ամեն դեպքում բավարարվում է Հանձնաժողովի կողմից`

ա) անձին վարկ տված բանկի անվանումը.

բ) պատասխանատու անձից բացի, այլ անձանց բանկային հաշիվներին վերաբերող բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները.

գ) պետական գաղտնիք համարվող տեղեկությունները:

Հանձնաժողովն իրավունք ունի իր որոշմամբ սահմանել լրացուցիչ այլ տեղեկությունների ցանկը և նկարագրությունը, որոնց գաղտնիությունը Հանձնաժողովն ամեն դեպքում բավարարում է:

7. Հանձնաժողովը, սույն հոդվածով վերապահված իր իրավասությունն իրականացնելիս, ելնում է ներդրողների պաշտպանության և արժեթղթերի արդար գնագոյացման ապահովման, ինչպես նաև առևտրային և նման այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման բացասական հետևանքները նվազեցնելու անհրաժեշտությունից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։