Հոդված 10. ԱԶԴԱԳՐՈՒՄ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 10. ԱԶԴԱԳՐՈՒՄ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Ազդագիրը պետք է ներառի ներդրողների պաշտպանության նպատակով Հանձնաժողովի որոշմամբ սահմանված այն տեղեկությունները, որոնք վերաբերում են`
ա) թողարկողին, նրա հետ փոխկապակցված անձանց, նրա կառավարման համակարգին, մարմիններին և կառավարմանը մասնակցող անձանց, բաժնային արժեթղթերի նշանակալից սեփականատերերին.
բ) թողարկողի` նախկինում թողարկված արժեթղթերին.
գ) թողարկողի ֆինանսական վիճակին.
դ) թողարկողի գործունեությանը, նախատեսվող գործունեությանը, տվյալ գործունեության շուկային.
ե) թողարկվող արժեթղթերին:
2. Հայտարարագրի գրանցման օրվանից ինն ամսից ավելի օգտագործվող ազդագրում պարունակվող տեղեկությունները չեն կարող գրանցման օրվանից հաշված տասնվեց ամսից ավելի հին լինել, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված տեղեկությունների և այն դեպքերի, երբ նման տեղեկությունների թարմացումը հնարավոր չէ` դրանց փոփոխման փաստի անհայտ լինելու պատճառով:
3. Ազդագրում ներառվող ֆինանսական հաշվետվությունները պետք է ներկայացվեն համաձայն հետևյալ կարգի`
ա) եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները պետք է տվյալ եռամսյակի ավարտից հետո քառասունհինգ օրվա ընթացքում սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվեն Հանձնաժողովի գրանցմանը` գրանցումից հետո թողարկողի կողմից ազդագրում ներառելու համար.
բ) տարեկան ֆինանսական հաշվետվությունները (անկախ աուդիտի եզրակացության առկայությամբ) պետք է մինչև հաշվետու տարվանը հաջորդող տարվա ապրիլի 30-ը ներառյալ սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվեն Հանձնաժողովի գրանցմանը` գրանցումից հետո թողարկողի կողմից ազդագրում ներառելու համար:
4. Ազդագրում ներառված տեղեկությունների էական փոփոխությունների դեպքում համապատասխան լրացումները դրանում պետք է կատարվեն սույն օրենքի 11 հոդվածով սահմանված կարգով:
5. Եթե ազդագիրը հրապարակվում է ռադիոյի, հեռուստատեսության կամ հեռահաղորդակցման այլ միջոցներով, ապա հրապարակման պատճենը պետք է ներկայացվի Հանձնաժողովին` վերջինիս որոշմամբ սահմանված կարգով:
Հանձնաժողովը կարող է իր որոշմամբ սահմանված կարգով պահանջել այն բոլոր ազդագրերի (ինչպես նաև ցանկացած այլ փաստաթղթի կամ հայտարարության) ներկայացումը, որոնք օգտագործվում են սույն օրենքին համապատասխան գրանցված արժեթղթերի առաջարկի կամ վաճառքի համար:
6. Հանձնաժողովը պատասխանատու չէ ազդագրում նշված տեղեկությունների ճշտության կամ իսկության համար:
Ազդագիրը պետք է դրույթ ներառի այն մասին, որ Հանձնաժողովի կողմից իրականացվող գրանցումը չի հավաստում ներդրման ապահովությունը, ներկայացված տեղեկության ճշտությունը կամ իսկությունը: Այդ դրույթը, Հանձնաժողովի կողմից հաստատված խմբագրությամբ, պետք է զետեղվի գրավոր ազդագրի սկզբում` աչքի ընկնող տեղում և թավշյա տառատեսակով:
7. Եթե սույն օրենքով սահմանված կարգով Հանձնաժողովին ներկայացված հայտարարագիրը գրանցված չէ, կամ դրա գրանցումը մերժված (կասեցված) չէ, ապա այդ հայտարարագրով նախատեսված արժեթղթերի ազդագիրը պետք է դրույթ ներառի այն մասին, որ հայտարարագիրը գրանցված չէ, և ազդագրում արժեթուղթ վաճառելու առաջարկի ընդունումը (ակցեպտը) կարող է տեղի ունենալ միայն հայտարարագիրը սահմանված կարգով գրանցելուց հետո: Այդ դրույթը, Հանձնաժողովի կողմից հաստատված խմբագրությամբ, պետք է զետեղվի գրավոր ազդագրի սկզբում` աչքի ընկնող տեղում և թավշյա տառատեսակով: