Անցնել բովանդակությանը
Գլուխ XII · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 122. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԸ և ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 122. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԸ և ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են Հանձնաժողովի անդամներից առնվազն երեքը, այդ թվում` Հանձնաժողովի նախագահը կամ նրան փոխարինող անձը:

Հանձնաժողովի նիստերը դռնբաց են և պետք է պատշաճ կերպով արձանագրվեն: Հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրված արձանագրությունները պետք է մատչելի լինեն հասարակությանը:

2. Հանձնաժողովի նիստերը գումարվում են որոշակի պարբերականությամբ կամ ըստ անհրաժեշտության` Հանձնաժողովի անդամներից որևէ մեկի պահանջով, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի: Հանձնաժողովի անդամի պահանջը ներկայացվում է նախագահին գրավոր ձևով, որտեղ նշվում են այն հարցերը, որոնց քննարկման համար պահանջվում է նիստի գումարումը: Պահանջին կցվում են նաև ուղեկցող նյութերը:

3. Հանձնաժողովի նիստերում որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն օրենքի 121 հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերի: Քվեարկության ժամանակ ձայների հավասար բաշխման դեպքում Հանձնաժողովի նախագահի կամ նրան փոխարինող անձի ձայնը որոշիչ է: Չի թույլատրվում ձայնի փոխանցումը Հանձնաժողովի մեկ անդամից մյուսին:

4. Հանձնաժողովի համապարտադիր (նորմատիվային) բնույթ ունեցող որոշումներն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` պետական լիազորված մարմնում գրանցում ստանալուց հետո, պաշտոնական հրապարակման 10-րդ օրը, եթե տվյալ որոշմամբ ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:

Հանձնաժողովն իրավունք ունի ընդունել համապարտադիր (նորմատիվային) բնույթ ունեցող որոշումներ, որոնք ուժի մեջ են մտնում առանց սույն կետի առաջին պարբերությամբ պահանջվող գրանցում ստանալու` դրանց պաշտոնական հրապարակման պահից, եթե նման որոշման ընդունումը պահանջվում է սույն օրենքի 29 հոդվածով:

Հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում դրանց ստորագրման պահից, եթե դրանք համապարտադիր (նորմատիվային) բնույթ չունեն:

Հանձնաժողովի որոշումները կարող են օրենքով սահմանված կարգով բողոքարկվել դատարան:

5. Նորմատիվ իրավական ակտեր սահմանող որոշման ընդունման օրվանից ոչ պակաս, քան 30 օր առաջ Հանձնաժողովը զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է առաջարկված նախագիծը, որոշման անհրաժեշտության համառոտ նկարագրությունը, այն տեղն ու ժամանակը, որտեղ շահագրգիռ կողմերը կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները: Տվյալ ժամանակահատվածում ստացված գրավոր առաջարկությունները քննարկվում են Հանձնաժողովի կողմից և ընդգրկվում նախագծում` Հանձնաժողովի հայեցողությամբ: Հանձնաժողովն առաջարկության հեղինակին տեղեկացնում է քննարկման արդյունքների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։