Հոդված 136. ԼՍՈՒՄՆԵՐԸ
Հոդված 136. ԼՍՈՒՄՆԵՐԸ
1. Եթե օրենքով նախատեսվում է որևէ հարցի վերաբերյալ Հանձնաժողովի որոշում կայացնել նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, ապա Հանձնաժողովը պարտավոր է ապահովել տվյալ հարցի քննարկումը սույն հոդվածի կանոններին համապատասխան:
2. Լսումներն իրականացնում են Հանձնաժողովը կամ նրա կողմից լիազորված մեկ կամ ավելի պաշտոնատար անձինք:
3. Լսումներն իրականացվում են Հանձնաժողովի դռնբաց նիստում: Եթե Հանձնաժողովը (լսումներն իրականացնող պաշտոնատար անձինք) գտնի, որ դռնբաց նիստ անցկացնելը կարող է վնաս հասցնել ներդրողների շահերին կամ ապակողմնորոշել արժեթղթերի շուկան, ապա որպես բացառություն կարող է անցկացնել դռնփակ լսումներ: Լսումներն արձանագրվում են պատշաճ մանրամասնությամբ:
4. Լսումներին մասնակցելու` շահագրգիռ անձի իրավունքը (լսման հնարավորությունը) երաշխավորվում է, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
Հանձնաժողովը տույժը կիրառելուց առնվազն հինգ օր առաջ պատշաճ կերպով ծանուցում է շահագրգիռ անձին լսումների տեղի, օրվա և ժամի մասին` նշելով քննարկման ենթակա հարցի բնույթն ու համառոտ նկարագրությունը և կցելով այն նյութերը, ապացույցները և դրանց գոյացման աղբյուրը, որոնք առկա են և կարող են ազդել գործի ելքի վրա:
Ծանուցված շահագրգիռ անձի չներկայանալը լսումներն անցկացնելու խոչընդոտ չէ:
5. Շահագրգիռ անձը լսումների ընթացքում իրավունք ունի ներկայացնել գրավոր և (կամ) բանավոր ապացույցներ, բացատրություններ և փաստարկներ, անել առարկություններ նախատեսվող տույժի կիրառման վերաբերյալ, ինչպես նաև հարուցել այլ միջնորդություններ:
6. Լսումներից հետո Հանձնաժողովի անունից կայացվում է հիմնավորված որոշում այն փաստերի շարադրմամբ, որոնք դրված են տվյալ որոշման հիմքում:
7. Որոշման պատճենը, հնարավոր սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան դրա հրապարակման երրորդ օրը, տրամադրվում է այն անձին, որի վերաբերյալ կայացվել է տվյալ որոշումը, կամ նրան է ուղարկվում պատվիրված նամակով:
8. Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել դատական կարգով` ուժի մեջ մտնելու օրվանից` 30 օրվա ընթացքում: