Հոդված 137. ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ (ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ)
Հոդված 137. ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ (ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ)
1. Որևէ անձի կողմից սույն օրենքի, արժեթղթերի շուկան կարգավորող այլ օրենքի և դրանց համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) խախտման դեպքում Հանձնաժողովն իր որոշմամբ իրավասու է, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, կարգադրություն արձակել` նախազգուշացումով և խախտումն ուղղելու և (կամ) հետագայում բացառելու հանձնարարությամբ (այսուհետ նաև` կարգադրություն):
2. Կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն արձակելու (որոշումը հրապարակելու) օրվանից և ենթակա է պարտադիր կատարման նախազգուշացվող անձի կողմից: Կարգադրությունը կարող է ներառել նախազգուշացվող անձի գործունեությունն օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանեցնելու վերաբերյալ անհրաժեշտ միջոցառումների իրականացման հաջորդականություն:
3. Հանձնաժողովը կարող է իր որոշմամբ կարգադրություն արձակել` առանց սույն օրենքով նախատեսված լսման հնարավորության ընձեռման այն դեպքում, երբ կարգադրությունն անմիջապես արձակելն անհրաժեշտ է ներդրողների պաշտպանության կամ արտակարգ իրավիճակի ծագումը կանխելու համար: Նման կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն տալու վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը հասցեատիրոջը հանձնելու պահից:
4. Կարգադրությունը պետք է հիմնավորվի դրա պատճառների, այդ թվում` նաև այն փաստերի գրավոր շարադրմամբ, որոնք հիմք են հանդիսացել Հանձնաժողովի որոշման համար: Հանձնաժողովի որոշման համար կարող են հիմք հանդիսանալ նաև նախազգուշացվող անձի այնպիսի գործողությունները, որոնք կարող են հանգեցնել արժեթղթերի շուկան կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի խախտմանը: