Հոդված 140. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՔԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 140. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՔԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ
1. Բացի սույն օրենքի 138 հոդվածով սահմանված տույժերից, Հանձնաժողովն իրավունք ունի սույն օրենքի 49 հոդվածի պահանջների խախտման համար տուգանք նշանակելու պահանջով դիմել դատարան:
2. Դատարանը, խախտման կատարման փաստը հաստատելու դեպքում, այն թույլ տված անձի և նրան տվյալ խախտմանը դրդող, դրանում օժանդակող և այն պարտակող անձանց նկատմամբ տուգանք է նշանակում հետևյալ գումարներից առավելագույնի չափով`
ա) նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի, կամ
բ) խախտման հետևանքով ստացված շահույթի կամ նման խախտմամբ պատճառված վնասի (կորստի) եռապատիկի չափով:
3. Տուգանքը նշանակելիս դատարանը հաշվի է առնում սույն օրենքի 138 հոդվածի 4-րդ կետով նախատեսված հանգամանքները, իսկ ֆիզիկական անձի դեպքում` նաև նրա նյութական (գույքային) վիճակը:
4. Սույն հոդվածով սահմանված տույժերը գանձվում են պետական բյուջե: Չվճարելու դեպքում դրանք գանձվում են դատական կարգով` Հանձնաժողովի հայցի հիման վրա: Միջոցների փաստացի կամ հնարավոր անբավարարության դեպքում հիշյալ տույժերը գանձվում են քաղաքացիական հայցերով պահանջների բավարարումից, ինչպես նաև այլ օրենքներով սահմանված տուգանքները կամ այլ տույժերը վճարելուց հետո:
5. Սույն հոդվածով սահմանված պահանջի հայցային վաղեմության ժամկետը հինգ տարի է` խախտումը կատարելու օրվանից:
6. Սույն հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի իմաստով «ստացված շահույթը» կամ «պատճառված վնասը» կազմում է տարբերությունը`
- արժեթղթի գնման կամ վաճառքի գնի և
- տվյալ արժեթղթի շուկայական արժեքի, որը ձևավորվել է ներքին տեղեկությունների հրապարակումից հետո և արդյունքում` ողջամիտ ժամանակում: