Հոդված 36. Ղեկավարների և խոշոր սեփականատերերի արժեթղթերի հայտարարագրումը
Հոդված 36. Ղեկավարների և խոշոր սեփականատերերի արժեթղթերի հայտարարագրումը
1. Յուրաքանչյուր անձ, որը`
ա) մեկ կամ ավելի գործարքների արդյունքում հաշվետու թողարկողի բաժնային արժեթղթերի խոշոր սեփականատեր է դառնում, կամ
բ) հաշվետու թողարկողի տնօրենների խորհրդի (նման այլ մարմնի) անդամ է, գործադիր տնօրեն (գործադիր մարմնի անդամ), վերստուգիչ մարմնի անդամ կամ այլ պաշտոնատար անձ (ստորաբաժանման ղեկավար կամ խորհրդատու), տվյալ արժեթուղթը ֆոնդային բորսայում գրանցելիս կամ մինչև Հանձնաժողովում այն գրանցելը կամ խոշոր սեփականատեր դառնալու կամ վերոհիշյալ պաշտոններից որևէ մեկը զբաղեցնելու օրվանից հետո` 15 օրվա ընթացքում, պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել (իսկ եթե արժեթղթերը գրանցված են ֆոնդային բորսայում, ապա նաև ֆոնդային բորսա ուղարկել) հայտարարագիր, որտեղ նշվում են`
- տվյալ անձի ինքնության, գործունեության, զբաղեցրած պաշտոնի և քաղաքացիության մասին տեղեկությունները, և
- տվյալ թողարկողի բաժնային այն արժեթղթերի քանակը, որոնք սեփականության իրավունքով պատկանում են տվյալ անձին:
Սույն հոդվածով նախատեսված հայտարարագրի ձևը սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ:
2. Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո` 15 օրվա ընթացքում, սույն հոդվածի 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Հանձնաժողով ներկայացնել (իսկ եթե արժեթղթերը գրանցված են ֆոնդային բորսայում, ապա նաև ֆոնդային բորսա ուղարկել) հայտարարագիր, որտեղ նշվում են հաշվետու ամսվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները և տվյալ թողարկողի բաժնային այն արժեթղթերի քանակը, որոնք սեփականության իրավունքով պատկանում են տվյալ անձին հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ, եթե այդպիսի փոփոխություններ տեղի են ունեցել: Սույն կետով նախատեսված հայտարարագիրը չներկայացնելը համարվում է հայտարարություն առ այն, որ սեփականության փոփոխություն տեղի չի ունեցել: