Հոդված 4. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 4. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սույն օրենքի իմաստով`
Ազդագիր է համարվում ցանկացած հաղորդակցությունը` հայտարարությունը, ծանուցումը, գրությունը, հրապարակումը, շրջաբերականը, գովազդը կամ հաղորդումը (գրավոր, բանավոր, ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ հաղորդակցության այլ միջոցով), որն արժեթուղթ վաճառելու կամ գնելու առաջարկ անելու հրավեր է պարունակում: Ազդագիր չի համարվում վերոհիշյալ այն հաղորդակցությունը, որը`
ա) տրվել է տվյալ արժեթղթի գրանցման հայտարարագիրը գրանցելուց հետո, եթե հաղորդակցության հետ մեկտեղ կամ դրանից առաջ այն ստացող անձին հանձնվել կամ հրապարակվել է սույն օրենքի 10 հոդվածով սահմանված պահանջները բավարարող գրավոր ազդագիրը, կամ
բ) ընդամենը սահմանում է, թե ումից կարելի է ձեռք բերել սույն օրենքի 10 հոդվածով սահմանված պահանջները բավարարող գրավոր ազդագիրը` տեղեկություններ ներառելով արժեթղթի տեսակի և դրա նույնացման համար անհրաժեշտ այլ հատկանիշների, գնի, գնման պատվերներն ընդունող անձի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի որոշմամբ (նորմատիվ իրավական ակտով) թույլատրված այլ հարցերի մասին:
Ածանցյալ արժեթուղթ է համարվում ներդրողի իրավունքների կամ պարտավորությունների ժամկետային իրականացման (կատարման) իրավունքը կամ պարտավորությունը հավաստող արժեթուղթը:
Անձը ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձն է:
Անվանատեր է համարվում անձը, որի անունով անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրում, Կենտրոնական դեպոզիտարիայում կամ պահառուի մոտ` առանց սեփականության իրավունքի փոխանցման գրանցվում են այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող անվանական արժեթղթերը: Անվանատեր կարող են լինել միայն բրոքերը, դիլերը, պահառուն և հավատարմագրային կառավարիչը: Անվանատիրոջ և սեփականատիրոջ հարաբերությունները կարգավորվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի որոշմամբ և պայմանագրով:
Արժեթուղթ է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և արժեթղթերի մասին այլ օրենքներով նախատեսված ցանկացած ինվեստիցիոն (ներդրումային), վճարային կամ տիտղոսային արժեթուղթը, ինչպես նաև շահույթի բաշխման համաձայնությունը, նման համաձայնությանը մասնակցությունը կամ մասնակցություն վկայող փաստաթուղթը, օպցիոնը, ֆյուչերսը կամ ածանցյալ այլ արժեթուղթը, արժեթղթի ձեռքբերման նախապատվության իրավունքը, դեպոզիտային հավաստագիրը կամ ստացականը` անկախ դրանց ձևից (փաստաթղթային կամ ոչ փաստաթղթային), ինչպես նաև ցանկացած ներդրումային համաձայնությունը, որը ներառում է վերը նշված արժեթղթերի հատկանիշներն ամբողջությամբ կամ դրանց մի մասը, կապիտալի (միջոցների) ներգրավման նպատակով օգտագործվող ցանկացած այլ փաստաթուղթ` անկախ դրա ձևից (փաստաթղթային կամ ոչ փաստաթղթային), ինչպես նաև արժեթղթի նկատմամբ իրավունքը կամ նման իրավունքի կամ դրանում բաժնի կամ մասնակցության վկայականը, հավաստագիրը, ստացականը կամ նման այլ փաստաթուղթը` անկախ դրանց ձևից (փաստաթղթային կամ ոչ փաստաթղթային), եթե դրանցով նախատեսված իրավունքների իրականացումը կամ փոխանցումը հնարավոր է միայն դրանք ներկայացնելիս կամ հատուկ գրանցամատյանում (սովորական կամ համակարգչային) դրանց ամրագրման դեպքում: Արժեթուղթ է նաև այն փաստաթուղթը, անկախ դրա ձևից, որն այդպիսին է համարվում գործարար շրջանառության սովորույթների համաձայն:
Արժեթղթի նույն դասը ներառում է տվյալ թողարկողի այն բոլոր արժեթղթերը, որոնք էապես նույն բնույթն ունեն, և որոնց սեփականատերերին վերապահվում են էապես նույն իրավունքները և արտոնությունները:
Արժեթուղթ թողարկելը թողարկողի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն արժեթուղթն առաջին ներդրողին վաճառելն է: Թողարկողն այն անձն է, որն արժեթուղթ է թողարկում (թողարկել) կամ, որն արժեթուղթ թողարկելու առաջարկություն է անում:
Արժեթուղթ վաճառելը տվյալ արժեթղթի առուվաճառքի, փոխանակման կամ օտարման հատուցելի ցանկացած գործարքն է:
Արտաբորսայական առևտրի ոլորտը ներառում է սույն օրենքով և դրանից բխող որոշումներով (նորմատիվ իրավական ակտերով) սահմանված դեպքերում ֆոնդային բորսայից դուրս արժեթղթերով կատարվող գործարքները:
Բաժնային արժեթուղթ է համարվում բաժնետոմսը, իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում բաժնեմասի, անդամության կամ նման այլ մասնակցության իրավունք տվող այլ արժեթուղթը, ինչպես նաև նման արժեթղթի փոխարկվող արժեթուղթը, նման արժեթղթին բաժանորդագրվելու կամ այն գնելու օպցիոնը կամ այլ համաձայնությունը (իրավունքը): Բաժնային արժեթղթերը միայն անվանական են:
Բաժնային արժեթղթերի նշանակալից սեփականատեր է յուրաքանչյուր անձ, որին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է հաշվետու թողարկողի` սույն օրենքի III գլխի համաձայն գրանցված կամ գրանցման ենթակա որևէ դասի բաժնային արժեթղթերի տաս և ավելի տոկոսը:
Բաժնային արժեթղթերի խոշոր սեփականատեր է յուրաքանչյուր անձ, որին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է հաշվետու թողարկողի` սույն օրենքի III գլխի համաձայն գրանցված կամ գրանցման ենթակա որևէ դասի բաժնային արժեթղթերի քսան և ավելի տոկոսը:
Բորսա է համարվում ցանկացած կազմակերպություն կամ անձանց խումբ, որն արժեթղթերի գնորդների և վաճառողների (կամ առաջարկի ու պահանջարկի) հանդիպման վայր կամ միջոց է կազմակերպում, տրամադրում, գործադրում, ապահովում կամ արժեթղթերի վաճառքի կազմակերպման սովորաբար իրականացվող գործառույթներ է իրականացնում: Բորսա հասկացությունը ներառում է նաև այն վայրը կամ միջոցը, որն օգտագործվում է բորսայի կողմից վերոհիշյալ նպատակով:
Գրանցման հայտարարագիրը (այսուհետ նաև` հայտարարագիր) արժեթղթերի` սույն օրենքի II և III գլուխներով սահմանված գրանցման հայտարարագիրն է, ինչպես նաև դրա մասը կամ հավելվածը կազմող ցանկացած փաստաթուղթ և գրանցման հայտարարագրում ցանկացած լրացում:
Գրանցված սեփականատեր կամ անվանատեր է արժեթղթի այն սեփականատերը կամ անվանատերը, որը գրանցված է անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրում:
Էական փաստ խեղաթյուրելը կամ բաց թողնելը` տվյալ փաստի առնչությամբ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տալը կամ որևէ դրույթում (հայտարարությունում) էական փաստ չներառելն է, որի ներառումը պահանջվում է օրենքով կամ դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտով և, որի առկայությունն անհրաժեշտ է տվյալ դրույթի (հայտարարության) ներառման (հայտարարության կատարման) պահին այն ապակողմնորոշիչ չդարձնելու համար:
Նվազագույն աշխատավարձ է համարվում Հայաստանի Հանրապետության «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի դրույքաչափը:
Ներդրողների պաշտպանությունն արժեթղթերում ներդրողների այն իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն է, որոնք ծագում են արժեթղթերում ներդրում կատարելու կապակցությամբ:
Փաստը կամ տեղեկությունը էական է համարվում, եթե այն կարևորվում է արժեթուղթը գնելու կամ վաճառելու որոշում կայացնելիս:
Փաստաթղթերը լիարժեք չեն, եթե չեն համապատասխանում սույն օրենքով և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերով սահմանված պահանջներին:
Ինստիտուցիոնալ ներդրող է համարվում`
ա) բանկը, ապահովագրական ընկերությունը, ներդրումային (ինվեստիցիոն) ընկերությունները, հիմնադրամները և նման այլ կազմակերպություններ.
բ) այն անձը, որն ինստիտուցիոնալ ներդրող կհամարվի օրենքով կամ Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի որոշմամբ` հիմք ընդունելով տվյալ անձի` ֆինանսական բնագավառում ունեցած գիտելիքն ու փորձը, նման գիտելիք ու փորձ ունեցող մասնագետներ վարձելու ունակությունը, իր զուտ ակտիվների մեծությունը կամ իր կառավարման ներքո գտնվող ակտիվների մեծությունը և նման այլ չափանիշներ:
Հանձնաժողով նշանակում է Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը:
Հաշվետու թողարկող է համարվում այն թողարկողը, որի`
ա) ցանկացած արժեթուղթը գրանցված է որևէ ֆոնդային բորսայում.
բ) նույն դասի արժեթուղթը (բացի սույն օրենքի 6 հոդվածի համաձայն բացառություն կազմող արժեթղթերից) 50 և ավելի գրանցված սեփականատեր ունի, և որի զուտ ակտիվները գերազանցում են Հանձնաժողովի կողմից սահմանված մեծությունը:
Հրապարակային առաջարկ է համարվում արժեթուղթ վաճառելու հրապարակային առաջարկը կամ արժեթուղթը գնելու առաջարկ անելու հրապարակային հրավերը, կամ նույն դասի արժեթղթերը վաճառելու կամ ձեռք բերելու որևէ այլ առաջարկ, որն արվել է 100-ից ավելի անձանց: Սույն կետով նախատեսված անձանց թիվը որոշելիս ինստիտուցիոնալ ներդրողները հաշվի չեն առնվում:
Հրապարակային տեղաբաշխում է համարվում թողարկողի կամ տեղաբաշխողի կողմից արժեթղթի վաճառքը, որն իրականացվում է հրապարակային առաջարկի միջոցով:
Հրապարակել է համարվում հեռուստատեսությամբ, ռադիոյով, հրապարակային էլեկտրոնային հաղորդակցության կամ տպագիր եղանակով տեղեկություններ տարածելը:
Հսկելը կամ հսկողությունը որևէ անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունենալն է` նրա կանոնադրական կապիտալում գերակշռող մասնակցության ուժով կամ նրա հետ կնքված պայմանագրին համապատասխան:
Տեղաբաշխող (բաժանորդագրող) է համարվում այն անձը, որը տեղաբաշխման նպատակով թողարկողից արժեթղթեր է ձեռք բերում, տեղաբաշխման նպատակով թողարկողի արժեթղթերն է առաջարկում, վաճառում կամ մասնակցում է նման գործ կազմակերպելու կամ իրականացնելու համաձայնությանը կամ պայմանագրին` այն բացառություններով, որոնք կարող են սահմանվել Հանձնաժողովի որոշմամբ: Սույն պարբերությունում թողարկող է համարվում նաև այն անձը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն հսկում է թողարկողին, հսկվում է նրա կողմից կամ նրա հետ մեկտեղ գտնվում է ընդհանուր հսկողության տակ:
Փակ տեղաբաշխում է համարվում արժեթղթերի ցանկացած ոչ հրապարակային տեղաբաշխումը: Տեղաբաշխումը փակ է համարվում, եթե դրա շրջանակներում առաջարկն արվել է ոչ ավելի, քան 100 անձանց, և եթե այն չի հրապարակվել: Վերոհիշյալ անձանց թիվը որոշելիս ինստիտուցիոնալ ներդրողները հաշվի չեն առնվում:
Փոխկապակցված են համարվում երկու և ավելի անձինք, եթե`
ա) նրանցից որևէ մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի (մյուսների) ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի քսան և ավելի տոկոսին.
բ) նրանցից որևէ մեկի տնօրենների խորհրդի անդամների կեսից ավելին, տնօրենը կամ նման իրավասություն ունեցող այլ պաշտոնատար անձը միաժամանակ հանդիսանում է մյուսի (մյուսների), տնօրենների խորհրդի անդամ, տնօրեն կամ նման իրավասություն ունեցող այլ պաշտոնատար անձ.
գ) նրանցից որևէ մեկը մյուսի որոշումների վրա էականորեն ազդելու փաստացի կամ պայմանագրով ամրագրված հնարավորություն ունի, նրանցից մեկը հսկում է մյուսին կամ նրանք ընդհանուր հսկողության տակ են գտնվում.
դ) նրանք միևնույն ընտանիքի անդամներ են կամ տվյալ դեպքում գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:
Ֆոնդային ապրանք է համարվում արտարժույթը, թանկարժեք մետաղների բանկային (ստանդարտացված) ձուլակտորները և մետաղադրամը, ինչպես նաև վարկային ռեսուրսները:
Ֆոնդային բորսա է համարվում այն բորսան, որը սույն օրենքին համապատասխան գրանցվել է Հանձնաժողովում որպես ֆոնդային բորսա:
2. Սույն հոդվածով և սույն օրենքի այլ դրույթներով սահմանվող հասկացությունները կիրառվում են միայն սույն օրենքի և դրան համապատասխան ընդունված, ինչպես նաև դրա դրույթներին ուղղակի հղում կատարող այլ օրենքների և իրավական ակտերի նպատակներով: Դրանց նշանակությունը կարող է այլ իմաստ ունենալ այլ օրենքներում և իրավական ակտերում: