Հոդված 5. ԱԶԴԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆ ԱՐԺԵԹՂԹԻ ՎԱՃԱՌՔԻ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 5. ԱԶԴԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆ ԱՐԺԵԹՂԹԻ ՎԱՃԱՌՔԻ ԴԵՊՔՈՒՄ
1. Արգելվում է ազդագրի միջոցով կամ այլ կերպ արժեթուղթ վաճառելը, վաճառքի կամ գնորդին հանձնելու նպատակով արժեթուղթ առաքելը փոստով կամ այլ կերպ, գնորդին հանձնելը կամ փոխանցելն առձեռն, էլեկտրոնային եղանակով կամ այլ կերպ, եթե այդ արժեթղթի գրանցման հայտարարագիրը չի գրանցվել սույն օրենքով սահմանված կարգով:
2. Արգելվում է ազդագրի միջոցով կամ այլ կերպ արժեթուղթ վաճառելու առաջարկ անելը կամ արժեթուղթ գնելու առաջարկ անելուն հրավիրելը, քանի դեռ տվյալ ազդագիրը պարունակող գրանցման հայտարարագիրը չի ներկայացվել Հանձնաժողովին սույն օրենքի 8 հոդվածի համաձայն, ինչպես նաև, եթե հայտարարագիրը մերժվել (կասեցվել) է սույն օրենքի 11 հոդվածի համաձայն:
3. Արգելվում է ազդագիր հրապարակելը, տարածելը կամ առաքելը փոստով կամ այլ կերպ, գնորդին հանձնելը կամ փոխանցելն առձեռն, էլեկտրոնային եղանակով կամ այլ կերպ, եթե`
ա) այն չի համապատասխանում սույն օրենքի 10 հոդվածով սահմանված պահանջներին.
բ) ազդագիրը ներառող գրանցման հայտարարագիրը չի ներկայացվել Հանձնաժողովին կամ մերժվել (կասեցվել) է վերջինիս կողմից` սույն օրենքին համապատասխան:
4. Արգելվում է արժեթուղթ վաճառելը, այն գնորդին կամ ցանկացած այլ անձին վաճառելու նպատակով տրամադրելը` առանց սույն օրենքի 10 հոդվածով սահմանված պահանջներին բավարարող ազդագրի պատճենը գնորդին տրամադրելու: Ազդագիրը համարվում է առձեռն, էլեկտրոնային եղանակով կամ այլ կերպ գնորդին տրամադրված` վերջինիս կողմից այն ստանալու պահից:
Արժեթղթի վաճառքի գործարքը կարող է գնորդի պահանջով անվավեր ճանաչվել, եթե ազդագիրը նրան է տրամադրվել վաճառքի պահին նախորդող 24 ժամվա ընթացքում կամ վաճառքից հետո: Սույն պահանջի համար հայցային վաղեմության ժամկետը 1 տարի է:
5. Սույն հոդվածի իմաստով` էլեկտրոնային կապի միջոցներով արժեթղթերի վաճառքի դեպքում վաճառքի վայր է համարվում վաճառքի առաջարկն էլեկտրոնային կապի համակարգ մուտքագրելու վայրը: