Հոդված 64. Լիցենզիան կասեցնելը, ուժը կորցրած ճանաչելը և դադարելը: Կորցրած լիցենզիան վերականգնելը
Հոդված 64. Լիցենզիան կասեցնելը, ուժը կորցրած ճանաչելը և դադարելը: Կորցրած լիցենզիան վերականգնելը
1. Հանձնաժողովը, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, իր որոշմամբ կասեցնում է մասնագիտացված անձի լիցենզիան` նշելով դրա հիմքերը և կարգադրելով դրանք վերացնել և (կամ) հետագայում թույլ չտալ, եթե`
ա) սույն օրենքը, դրան համապատասխան ընդունված որոշումները (նորմատիվ իրավական ակտերը) և ինքնակարգավորվող կազմակերպության կանոնները խախտելու կամ դրանց խախտմամբ գործելու համար ինքնակարգավորվող կազմակերպության կողմից կասեցվել է տվյալ անձի ֆոնդային բորսայում գործարքներ կատարելու իրավունքը կամ տվյալ ինքնակարգավորվող կազմակերպությունում նրա անդամությունը` մինչև այդ իրավունքը կամ անդամությունը վերականգնելը, բայց ոչ ավելի, քան 60 օր ժամկետով.
բ) տվյալ անձը պարբերաբար կամ ակնհայտ չարամտությամբ`
- խախտել է կամ գործում է ի խախտումն սույն օրենքի և դրան համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) պահանջների, կամ
- չի կատարել կամ շարունակում է չկատարել Հանձնաժողովի որոշմամբ իր իրավասության շրջանակներում տրված կարգադրությունը:
Սույն կետի «բ» ենթակետի հիման վրա լիցենզիան չի կարող կասեցվել ավելի, քան 30 օր ժամկետով:
2. Հանձնաժողովն իրավունք ունի իր որոշմամբ, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, կարգադրություն արձակել, որով ուժը կորցրած է ճանաչում մասնագիտացված անձի լիցենզիան` նշելով դրա հիմքերը, եթե տվյալ անձը չի կատարել կամ շարունակում է չկատարել սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ընդունված որոշմամբ տրված կարգադրությունը:
3. Լիցենզիան կասեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու որոշումը տրամադրվում է մասնագիտացված անձին այն կայացնելու օրվանից 3 օրվա ընթացքում: Ուժը կորցրած ճանաչված լիցենզիան ենթակա է վերադարձման հնարավոր կարճ ժամկետում:
4. Լիցենզիան դադարում է մասնագիտացված անձի լուծարման, այլ անձին նրա միացման, միաձուլման կամ բաժանման, ինչպես նաև 24 ամսվա ընթացքում մասնագիտացված գործունեություն չիրականացնելու դեպքում:
5. Լիցենզիան կորցնելու դեպքում այն վերականգնվում է նույն համարով, ամսաթվով և պայմաններով, որոնցով տրված էր նախկին լիցենզիան: Լիցենզիայի կորուստը այլ հետևանքներ չի առաջացնում:
§ 3. Մասնագիտացված գործունեության կարգավորումն ու վերահսկողությունը