Հոդված 99. Գրանցումը կասեցնելը և դադարեցնելը
Հոդված 99. Գրանցումը կասեցնելը և դադարեցնելը
1. Հանձնաժողովը, դիմումը բավարարելու օրվանից հետո, իրավունք ունի, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, իր որոշմամբ կասեցնել ինքնակարգավորվող կազմակերպության գրանցումը` նշելով կասեցման հիմքերը և կարգադրելով դրանք վերացնել և (կամ) հետագայում թույլ չտալ, եթե ինքնակարգավորվող կազմակերպությունը պարբերաբար կամ ակնհայտ չարամտությամբ կամ անտարբերությամբ`
ա) խախտել է կամ գործում է ի խախտումն սույն օրենքի և դրան համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) պահանջների.
բ) չի կատարում իր կանոններով սահմանված գործառույթները կամ պահանջները, չի ապահովում իր կանոններով սահմանված պահանջների պահպանումը կամ չի հետապնդում դրանք խախտած անձանց.
գ) չի կատարել կամ շարունակում է չկատարել Հանձնաժողովի` իր իրավասության շրջանակներում ընդունված որոշմամբ տրված կարգադրությունը, բացի սույն կետի համաձայն կայացված որոշմամբ տրված կարգադրությունից: Սույն ենթակետի համաձայն գրանցումը չի կարող կասեցվել ոչ ավելի, քան 30 օր ժամկետով:
2. Հանձնաժողովը, դիմումը բավարարելուց հետո, իրավունք ունի, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, իր որոշմամբ (կարգադրությամբ) դադարեցնել ինքնակարգավորվող կազմակերպության գրանցումը` նշելով դրա հիմքերը (հարկադիր դադարեցում), եթե նա`
ա) չի կատարել կամ շարունակում է չկատարել սույն հոդվածի 1-ին կետի համաձայն տրված կարգադրությունը, կամ
բ) առկա է գրանցումը դադարեցնելու` սույն օրենքով կամ դրան համապատասխան ընդունված այլ որոշումներով (նորմատիվ իրավական ակտերով) սահմանված որևէ այլ հիմք:
3. Գրանցումը կասեցնելու կամ դադարեցնելու որոշումը (կարգադրությունը) այն կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում տրամադրվում է ինքնակարգավորվող կազմակերպությանը:
4. Գրանցումը դադարեցնելու դեպքում ինքնակարգավորվող կազմակերպությունը ենթակա է լուծարման, եթե Հանձնաժողովի որոշումը (կարգադրությունը) սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան տրամադրելու օրվանից` 10 օրվա ընթացքում, չի բողոքարկվել դատական կարգով:
5. Ինքնակարգավորվող կազմակերպության գրանցումը կարող է դադարեցվել նաև սեփական դիմումի հիման վրա (կամավոր դադարեցում), եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ:
6. Հանձնաժողովը, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, կարող է մերժել ինքնակարգավորվող կազմակերպության կամավոր դադարեցումը կամ հարկադիր դադարեցում չկիրառել, եթե`
ա) գրանցման դադարեցումը կզրկի արժեթղթերի շուկան կենսական նշանակության միակ ծառայությունից, կամ
բ) գրանցման դադարեցմամբ կարող է ստեղծվել արտակարգ իրավիճակ առաջանալու իրական սպառնալիք:
§ 3. Ինքնակարգավորվող կազմակերպության կարգավորումն ու վերահսկողությունը