Հոդված 150.15. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման և լցավորման պահանջները խախտելը
Հոդված 150.15. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման և լցավորման պահանջները խախտելը
1. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների (այսուհետ` գազաբալոնային սարքավորումներ) տեղադրման կամ գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դա չի առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
2. Գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման կարգի պահանջների խախտմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նմուշի փաստաթղթերի տրամադրումը կամ ավտոտրանսպորտային միջոցների և գազաբալոնների վերաբերյալ տվյալները էլեկտրոնային շտեմարան մուտքագրումը`
առաջացնում է տուգանքի նշանակում գազաբալոնային սարքավորումների տեղադրման և վկայագրման իրավասություն ունեցող կազմակերպության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
3. Առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում գազաբալոնների լցավորումը`
առաջացնում է տուգանքի նշանակում գազալցավորման կայանի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:
(150.15-րդ հոդվածը լրաց. 20.01.21 ՀՕ-49-Ն)