Հոդված 258. Խախտողի բերումը
Հոդված 258. Խախտողի բերումը
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով, եթե արձանագրություն կազմելը պարտադիր է, երբ տեղում այն կազմել հնարավոր չէ, խախտողը ոստիկանության աշխատողի կողմից կարող է բերվել ոստիկանություն:
Տրանսպորտային միջոցներից օգտվելու կանոնների, երթևեկության կարգն ու անվտանգությունը պահպանելու կանոնների, տրանսպորտում բեռների անվթարության ապահովմանն ուղղված կանոնների, հրդեհային անվտանգության կանոնների, տրանսպորտում սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնների, հանրային առողջապահական նորմատիվների խախտումներ կատարելու դեպքում խախտողը դրա համար լիազորված անձի կողմից կարող է բերվել ոստիկանություն, եթե նա չունի ինքնությունը հաստատող փաստաթղթեր և չկան վկաներ, որոնք կարող են անհրաժեշտ տվյալներ հաղորդել խախտողի մասին:
Շրջակա միջավայրի օրենսդրության խախտումների դեպքում արձանագրություն կազմելու նպատակով, եթե խախտողի անձը չի կարող պարզվել խախտման տեղում, սույն Օրենսգրքի 242-րդ հոդվածով սահմանված մարմնի տեսուչները, այդ թվում` հասարակական տեսուչները, ինչպես նաև էկոպարեկային ծառայողները և ոստիկանության աշխատակիցները կարող են այդ իրավախախտումները կատարած անձանց բերել ոստիկանության շենք` իրավախախտումները կանխելու, խախտողի անձը պարզելու և իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար:
Պահպանվող օբյեկտների, այլ պետական կամ հանրային գույքի նկատմամբ ոտնձգության հետ կապված իրավախախտումներ կատարելու դեպքում խախտողը ռազմականացված պահպանության աշխատողների կողմից կարող է բերվել ռազմականացված պահպանության ծառայողական շենք կամ ոստիկանություն` իրավախախտումները կանխելու, խախտողի անձը պարզելու և իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար:
Բերումը պետք է կատարվի հնարավորին չափ կարճ ժամկետում:
Բերված անձի գտնվելը կամավոր ժողովրդական դրուժինայի շտաբում չի կարող տևել մեկ ժամից ավելի:
Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածով նախատեսված հոդվածներով սահմանված իրավախախտումներ կատարելու դեպքում խախտողը դրա համար լիազորված անձի կողմից կարող է բերվել ոստիկանություն, եթե նա չունի ինքնությունը հաստատող փաստաթղթեր, ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձը հրաժարվում է շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով անցնել նույնականացում, կամ նշված միջոցներով նույնականացում իրականացնել հնարավոր չէ:
(258-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-495-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, 04.03.20 ՀՕ-110-Ն, լրաց. 22.11.23 ՀՕ-369-Ն, 05.12.24 ՀՕ-478-Ն, 03.07.25 ՀՕ-252-Ն)