Հոդված 156.1. Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում խախտումներ իրականացնելը
Հոդված 156.1. Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում խախտումներ իրականացնելը
1. Հուղարկավորությունների կազմակերպումն իրականացնողների կողմից գերեզմանատների շահագործման և պահպանման գործառույթները չիրականացնելը կամ ոչ պատշաճ իրականացնելը, այդ թվում՝ գերեզմանատան օգտագործման սխեմաներ չկազմելը կամ քաղաքաշինական նորմերը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
1.1. Գերեզման օգտագործողի կողմից գերեզմանի կառուցապատման, բարեկարգման և շահագործման օրենսդրությամբ սահմանված կանոնները, այդ թվում՝ քաղաքաշինական նորմերը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
2. Հուղարկավորությունների կազմակերպման և իրականացման համար նախատեսված կարգերն ու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով:
3. Տեղական ինքնակառավարման մարմինների կամ նրանց լիազորած անձանց կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից համայնքային գերեզմանատներում գերեզմանատեղի, ինչպես նաև ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար տրամադրվող հողատարածքների սահմանված չափերից ավելին տրամադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
4. Գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրերից դուրս հուղարկավորության իրականացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հազարապատիկի չափով:
4.1. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո` եռամսյա ժամկետում, հուղարկավորված անձին գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրում չվերահուղարկավորելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով։
Նույն խախտումը վարչական տույժ նշանակելուց հետո յուրաքանչյուր եռամսյա ժամկետում չվերացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:
5. Փակ գերեզմանատներում գերեզմանատեղի հատկացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` պաշտոնատար անձանց նկատմամբ` հինգհարյուրապատիկի չափով:
6. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նոր գերեզմանատների և դիակիզարանների կազմակերպման համար հողատարածքների տրամադրման դեպքում օրենքով սահմանված նորմերը և պարտադիր պահանջներն ու պայմանները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
7. Գերեզմանատների կազմակերպման համար տրամադրված հողատարածքներում նպատակային և գործառնական նշանակությանը հակասող ցանկացած գործունեություն իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
8. Գերեզմանատներում հուղարկավորությունների կազմակերպումն իրականացնող մարմինների կողմից գերեզմանատեղերի հաշվառման, հուղարկավորությունների գրանցման մատյանների վարման, գերեզմանների վկայականի տրամադրման գործառույթները չիրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
9. Մասնավոր գերեզմանատների կազմակերպման և շահագործման համար օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներն ու պայմանները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հազարապատիկի չափով:
Սույն մասի առաջին պարբերությամբ նշված իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով:
10. Սույն հոդվածի 9-րդ մասի առաջին պարբերությամբ սահմանված խախտումը վերացնելու մասին պետական լիազոր մարմնի ցուցումները չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` չորսհազարապատիկի չափով:
11. Վերահուղարկավորության իրականացումը օրենքով սահմանված պահանջների խախտմամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի չափով:
12. Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից առանց քաղաքաշինական փաստաթղթերում օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող շինությունների առկայության և այլ պահանջների պահպանման՝ մասնավոր գերեզմանատների կառուցման համար շինարարական թույլտվությունների տրամադրումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
(156.1-ին հոդվածը լրաց. 29.04.15 ՀՕ-31-Ն, լրաց., փոփ. 27.05.21 ՀՕ-229-Ն)