Հոդված 44.1. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի
Հոդված 44.1. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի
(վերնագիրը լրաց. 06.12.17 ՀՕ-242-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
1. Առանց իրացնելու նպատակի մանր չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքները մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարվեցհարյուրապատիկի չափով:
3. Սույն օրենսգրքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափեր են համարվում անսովոր գործածողի, այսինքն` թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), ինչպես նաև խիստ ներգործող նյութեր չգործածող, 18 տարին լրացած և գործնականում առողջ անձի օրգանիզմի վրա հոգեներգործուն ազդեցություն թողնելու համար բավարար թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նվազագույն չափերից մինչև դրանց հնգապատիկը ներառող չափերը:
3.1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հիմք ընդունելով սույն հոդվածի 3-րդ մասով ամրագրված չափորոշիչը:
4. Այն անձը, որը կամովին հանձնել է իր մոտ եղած մանր չափերի թմրամիջոցը, հոգեմետ (հոգեներգործուն) նյութը, դրանց պատրաստուկը կամ դրանց համարժեք նյութը (անալոգը), ազատվում է սույն հոդվածով նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվությունից:
(44.1 -ին հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-77-Ն, լրաց., խմբ. 06.12.17 ՀՕ-242-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-155-Ն, փոփ. 11.05.26 ՀՕ-197-Ն)