Հոդված 117. Թռիչքների և ավիացիոն անվտանգության կանոնները խախտելը
Հոդված 117. Թռիչքների և ավիացիոն անվտանգության կանոնները խախտելը
Օդանավակայանի շրջանում օդանավակայանի ճանաչման համար ընդունված տարբերիչ նշաններին և կառուցվածքներին նմանվող որևէ նշան և կառուցվածք տեղադրելը կամ առանց օդանավակայանի ադմինիստրացիայի թույլտվության հրատեխնիկական առարկաներ այրելը կամ օդանավերի թռիչքների համար վտանգավոր թռչունների զանգվածային կուտակմանը նպաստող օբյեկտներ կառուցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Շենքերի և շինությունների վրա գիշերային և ցերեկային տարբերիչ նշանների կամ կառուցվածքների տեղադրման կանոնները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Օդանավակայանի սարքավորումները, օդանավակայանի նշանները, օդանավերը և դրանց սարքավորումները վնասելը, որը չի առաջացրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հետևանքներ`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Առանց պատշաճ թույլտվության օդանավակայանների (բացի օդանավերի մեկնակայաններից) աերոդրոմների, թռիչքների ռադիոապահովման և լուսաապահովման օբյեկտների տարածքով անցնելը կամ երթևեկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կանոնների խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Փոխադրողի կողմից «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:
(117-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, խմբ. 22.02.07 ՀՕ-83-Ն, լրաց. 26.10.22 ՀՕ-401-Ն)