Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 10 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 123. Տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 123. Տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը

(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)

1. Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների կամ պայմանների առկայությամբ տրանսպորտային միջոցները վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

2. Առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

3. Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները վարորդների կողմից խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

4. Ապակիների լուսաթափանցելիության՝ օրենսդրությամբ սահմանված չափի խախտմամբ կամ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում՝ 3 միավոր:

6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտում հայտնաբերելու դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) այդ իրավախախտումը կատարած անձին իրազեկում է իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում վարչական պատասխանատվության չենթարկվելու հնարավորության մասին: Անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում, եթե իրազեկումից անմիջապես հետո սկսում է իրականացնել վարչական իրավախախտման հատկանիշներն անմիջականորեն վերացնելուն ուղղված գործողություններ: Այդ դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմում:

7. Եթե, սույն հոդվածի 6-րդ մասին համապատասխան, վարչական իրավախախտումը հայտնաբերելուց անմիջապես հետո այդ իրավախախտման հատկանիշները վերացնել հնարավոր չէ, ապա լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կազմում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն և կայացնում վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում:

8. Եթե սույն հոդվածի 7-րդ մասում նշված դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տույժը կատարելու պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնում է համապատասխան ապացույց: Այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է իրավախախտումը կատարած անձին:

(123-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ., լրաց. 16.12.05 ՀՕ-26-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-73-Ն, փոփ. 15.11.10 ՀՕ-175-Ն, լրաց. 18.05.10 ՀՕ-65-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց., փոփ. 21.12.15 ՀՕ-178-Ն, փոփ. 09.12.19 ՀՕ-300-Ն, լրաց., խմբ. 28.02.24 ՀՕ-97-Ն, փոփ. 26.03.25 ՀՕ-75-Ն)

(28.02.24 ՀՕ-97-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։