Հոդված 12. Իրավական օգնության մասին հարցումը կատարելու կարգը միջազգային պայմանագրի առկայության դեպքում
Հոդված 12. Իրավական օգնության մասին հարցումը կատարելու կարգը միջազգային պայմանագրի առկայության դեպքում
1. Իրավական օգնության մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի ներկայացրած հարցումը պետք է պարունակի սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված տվյալները, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով այլ պահանջներ նախատեսված չեն:
2. Եթե հարցումը հնարավոր չէ կատարել, ապա ստացված փաստաթղթերը վերադարձվում են հարցումն ուղարկած օտարերկրյա պետության իրավասու մարմնին՝ նշելով դրա կատարումը խոչընդոտող պատճառները:
3. Իրավական օգնության մասին հարցումը կազմելիս և օտարերկրյա պետության իրավասու մարմին ուղարկելիս Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը օտարերկրյա պետության իրավասու մարմնի խնդրանքի դեպքում կարող է պահպանել հարցման ձևի և դրա ներկայացման կարգի վերաբերյալ տվյալ օտարերկրյա պետության օրենքով նախատեսված պահանջները, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով այլ պահանջներ նախատեսված չեն:
4. Օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից հարցման կատարման նպատակով ստացված փաստաթղթերը, առարկաները, նյութերը, այդ թվում՝ ապացույցները, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինն օգտագործում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան:
5. Եթե օտարերկրյա պետության իրավասու մարմինը խնդրել է իր տրամադրած փաստաթղթերը, նյութերը կամ առարկաները վերադարձնել, ապա դա իրականացվում է տվյալ օտարերկրյա պետության իրավասու մարմնի հետ ձեռք բերված առանձին պայմանավորվածություններին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ: