Հոդված 8. Իրավական օգնությունը մեկից ավելի միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով
Հոդված 8. Իրավական օգնությունը մեկից ավելի միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով
1. Եթե իրավական օգնության մասին հարցումների կատարման պարտականությունը բխում է օտարերկրյա պետության հետ կնքված մեկից ավելի միջազգային պայմանագրերից, ապա կիրառելի են հետևյալ կանոնները.
1) եթե հարցման մեջ նշված է, թե որ միջազգային պայմանագրի հիման վրա է այն կազմվել և ներկայացվել, ապա հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը ղեկավարվում է այդ միջազգային պայմանագրով, որի ընթացքում չի բացառվում նաև Հայաստանի Հանրապետության և տվյալ օտարերկրյա պետության միջև գործող մյուս պայմանագրերի դրույթների կիրառումը.
2) եթե հարցման մեջ նշված են տվյալ օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության միջև գործող մեկից ավելի միջազգային պայմանագրեր, ապա հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը ղեկավարվում է հարցման մեջ նշված այն միջազգային պայմանագրով, որն առավել ամբողջական լուծում է տալիս հարցման կատարման հետ կապված հարցերին` միաժամանակ կիրառելով մյուս պայմանագրի (պայմանագրերի) այն դրույթները, որոնք հարցումն առավել ամբողջական և արագ կատարելու հնարավորություն են տալիս.
3) եթե հարցման մեջ նշում չկա տվյալ պետության և Հայաստանի Հանրապետության միջև գործող որևէ միջազգային պայմանագրի վերաբերյալ, ապա հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության և հարցումն ուղարկող պետության միջև գործող այն միջազգային պայմանագրով, որն առավել ամբողջական լուծում է տալիս հարցման կատարման հետ կապված հարցերին, որի ընթացքում չի բացառվում նաև Հայաստանի Հանրապետության և տվյալ օտարերկրյա պետության միջև գործող մյուս պայմանագրերի դրույթների կիրառումը: