Հոդված 20. Փոխադարձության կարգով իրավական օգնության մասին հարցման բովանդակությունը միջազգային պայմանագրի բացակայության դեպքում
Հոդված 20. Փոխադարձության կարգով իրավական օգնության մասին հարցման բովանդակությունը միջազգային պայմանագրի բացակայության դեպքում
1. Փոխադարձության կարգով օտարերկրյա պետության իրավասու մարմնին հասցեագրվող իրավական օգնության մասին հարցումը և կից բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև դրանց օտարերկրյա պետության պաշտոնական կամ փոխհամաձայնեցված այլ լեզվով թարգմանությունը պետք է պատշաճ կերպով ստորագրված (այդ թվում՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ) կամ հաստատված կամ վավերացված լինեն Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից:
2. Իրավական օգնության մասին հարցումը պետք է պարունակի՝
1) հարցումն ուղարկող Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության կամ այլ իրավասու մարմնի տվյալները,
2) օտարերկրյա պետության այն մարմնի անվանումը, որին ուղարկվում է հարցումը (եթե տվյալ մարմինը հայտնի է),
3) քրեական վարույթի անվանումը և համարը, որով իրավական օգնություն է հայցվում,
4) հարցման համառոտ բովանդակությունը՝ տվյալներ այն անձանց մասին, որոնց վերաբերյալ ուղարկվում է հարցումը՝ անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը, վայրը, հնարավորության դեպքում՝ քաղաքացիությունը, բնակության կամ գտնվելու վայրը (հասցեն) և այլ տվյալներ, իրավաբանական անձանց համար՝ անվանումը և գտնվելու վայրը (հասցեն) ու հարցման նպատակը,
5) բացահայտման ենթակա հանգամանքների շարադրանքը, ինչպես նաև այն փաստաթղթերի, իրեղեն և այլ ապացույցների ցանկը, որոնք ակնկալվում է ստանալ հարցումը կատարողից,
6) տեղեկություններ՝ կատարված ենթադրյալ հանցանքի փաստական հանգամանքների, դրա որակման մասին, անհրաժեշտության դեպքում՝ տվյալ ենթադրյալ հանցանքով պատճառված վնասի բնույթի և չափի մասին, ինչպես նաև խնդրանքն ուղարկողի մոտ առկա այլ տեղեկություններ, որոնք կարող են նպաստել հարցման արդյունավետ կատարմանը,
7) գույքի արգելադրում կամ բռնագրավված գույքի փոխանցում ենթադրող հարցումների դեպքում՝ տեղեկություններ համապատասխան գույքի վերաբերյալ,
8) իրավական օգնության հարցման կատարումն ապահովելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր, այդ թվում՝ համապատասխան քաղվածքներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից:
3. Փոխադարձության կարգով օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական մարմին կամ իրավասու մարմին ներկայացված իրավական օգնության մասին հարցումը պետք է համապատասխանի սույն հոդվածով նախատեսված ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջներին: