Հոդված 79. Տարանցիկ փոխադրումը
Հոդված 79. Տարանցիկ փոխադրումը
1. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը կարող է բավարարել դատապարտյալին կամ հանձնման ենթակա անձին իր պետության տարածքով տարանցիկ փոխադրելու մասին հարցումը, եթե այն ներկայացվել է օտարերկրյա պետության կողմից, որը երրորդ պետության հետ համաձայնել է դատապարտյալի փոխանցման կամ հանցագործություն կատարած անձի հանձնման վերաբերյալ:
2. Դատապարտյալին կամ հանձնման ենթակա անձին Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրելու հարցում ներկայացրած օտարերկրյա պետության իրավասու մարմնի խնդրանքով Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը կարող է տրամադրել երաշխիքներ այն մասին, որ դատապարտյալն իր տարածքում չի հետապնդվի կամ այլ կերպ չի ենթարկվի ազատության սահմանափակման մինչև տվյալ օտարերկրյա պետության տարածքից մեկնելը՝ նրա կատարած հանցանքի կամ նրա նկատմամբ կայացված դատավճռի կատարումն ապահովելու համար:
3. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը տարանցիկ փոխադրում թույլատրելու դեպքում դատապարտյալին կամ հանձնման ենթակա անձին կալանքի տակ կարող է պահել միայն այնքան ժամանակ, որքան պահանջվում է տարանցիկ փոխադրման համար: Տարանցիկ փոխադրման համար հարցում ներկայացնել պահանջվում է, եթե փոխադրումը կատարվելու է նաև Հայաստանի Հանրապետության օդային տարածքով:
4. Տարանցիկ փոխադրումը կարող է մերժվել սույն օրենքի 33-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով:
5. Տարանցիկ փոխադրումը թույլատրելու կամ մերժելու մասին որոշումը կայացվում է սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված մարմինների կողմից և այդ հոդվածով նախատեսված կարգով, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասի։