Հոդված 15. Առարկաներ հանձնելը
Հոդված 15. Առարկաներ հանձնելը
1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավական օգնություն ցույց տալու մասին հարցում ստացած Հայաստանի Հանրապետության կենտրոնական մարմինը հարցումն ուղարկած օտարերկրյա պետության իրավասու մարմնի հարցման հիման վրա, առանց խոչընդոտելու Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի վարույթում գտնվող քրեական վարույթի քննությունը կամ առանց վնասելու այն, վերադարձման պայմանով կարող է հանձնել՝
1) այն առարկաները, որոնք օգտագործվել են հանցագործություններ կատարելիս, այդ թվում` հանցագործության գործիքները, միջոցները, առարկաները,
2) այն առարկաները, որոնք կարող են ունենալ ապացուցողական նշանակություն օտարերկրյա պետությունում վարվող քրեական վարույթի համար: Այդ առարկաները հանձնվում են նաև այն դեպքում, երբ ենթադրյալ հանցանք կատարած անձին հանձնելն անհնար է նրա մահվան, փախուստի կամ այլ պատճառներով:
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված առարկաները Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ են որպես քրեական վարույթի ապացույցներ, ապա դրանց հանձնումը կարող է հետաձգվել մինչև քրեական վարույթի ավարտը:
3. Սույն հոդվածով սահմանված կարգով օտարերկրյա պետության կենտրոնական մարմնին հանձնված առարկաների նկատմամբ երրորդ անձանց ձեռք բերած իրավունքները պահպանվում են: