Հոդված 41. Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից հետախուզվող և Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված անձի իրավունքները
Հոդված 41. Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից հետախուզվող և Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված անձի իրավունքները
1. Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից հետախուզվող անձը, որը հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, իրավունք ունի՝
1) հրավիրելու փաստաբան, իսկ բավարար միջոցներ չունենալու դեպքում՝ սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով օգտվելու հանրային պաշտպանի ծառայություններից.
2) սույն օրենքի 40-րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալման դեպքում գրավոր և բանավոր տեղեկացվելու իր՝ սույն հոդվածով նախատեսված իրավունքների մասին.
3) սույն օրենքով սահմանված կարգով վիճարկելու ձերբակալման իրավաչափությունը, բողոքարկելու ժամանակավոր կալանավորման, հանձնման նպատակով կալանավորման, կալանավորման ժամկետի երկարաձգման միջնորդությունների քննարկման արդյունքով դատարանի, ինչպես նաև հանձնումը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ իրավասու մարմնի որոշումները.
4) դատարանում տալու բացատրություններ, հայտնելու բացարկներ, առարկություններ.
5) հայերենին չտիրապետելու դեպքում հայտնաբերված անձին հետաքննության մարմին ներկայացնելու, ձերբակալման, ինչպես նաև ժամանակավոր կալանավորման միջնորդության քննության ընթացքում՝ հետաքննության մարմնի, հանձնման նպատակով կալանավորման, հանձնման նպատակով կալանավորման ժամկետը երկարաձգելու, փաստացի հանձնելու նպատակով կալանավորման միջնորդությունների քննության ընթացքում՝ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմնի, իսկ նշված միջնորդությունների քննության արդյունքով կայացված դատական ակտերի վերանայման բողոքների քննության ընթացքում՝ դատարանի որոշմամբ պետական բյուջեի միջոցների հաշվին սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով թարգմանչի օգնությամբ իրացնելու սույն օրենքով սահմանված իր իրավունքները.
6) անվճար ստանալու հետաքննության մարմին ներկայացվելու, ինչպես նաև ձերբակալման արձանագրությունները հետաքննության մարմնի կողմից այն լեզվով, որին տիրապետում է, հանձնումը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմնի որոշումը՝ այդ մարմնի կողմից, ժամանակավոր կալանավորման, հանձնման նպատակով կալանավորման, հանձնման համար կալանավորման ժամկետը երկարաձգելու, փաստացի հանձնման նպատակով կալանավորման միջնորդությունների քննությամբ կայացված դատական ակտերի, ինչպես նաև դրանց և հանձնումը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմնի որոշման վերանայման արդյունքով կայացված դատական ակտերի օրինակները՝ դատական ակտը կայացրած դատարանի կողմից:
2. Հայտնաբերված անչափահաս անձը սույն օրենքով նախատեսված իր իրավունքներն իրականացնում է անձամբ, օրինական ներկայացուցչի և փաստաբանի միջոցով: Օրինական ներկայացուցիչը և փաստաբանը ներգրավվում են հետաքննության մարմնի որոշմամբ:
3. Հայտնաբերված անչափահաս անձի օրինական ներկայացուցչի բացակայության դեպքում նրա իրավունքների իրացումն ապահովում է խնամակալության և հոգաբարձության մարմինը:
4. Հետաքննության մարմինը հայտնաբերվածին պարզաբանում է սույն օրենքով նախատեսված նրա իրավունքները, որի վերաբերյալ կազմվում է արձանագրություն:
5. Արգելանքի վերցված հայտնաբերված անձի տեսակցության հարցը լուծում է հանձնման մասին հարցումը քննարկող՝ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմինը: Արգելանքի վերցված ապաստան հայցողները նախապես տեղեկացվում են իրենց ծագման երկրների ներկայացուցիչների այցելությունների մասին, որոնք թույլատրվում են միայն ապաստան հայցողի համաձայնության դեպքում: