Հոդված 92. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի փոխարկումը
Հոդված 92. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի փոխարկումը
1. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի փոխարկումը հնարավոր է, եթե պատժատեսակների դասակարգման կամ համանման հանցանքների համար կիրառվող՝ անազատության մեջ պահելու հետ կապված պատժի տևողության տեսանկյունից օտարերկրյա պետության քրեաիրավական համակարգը տարբերվում է Հայաստանի Հանրապետության քրեաիրավական համակարգից:
2. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի փոխարկման վերաբերյալ որոշում կայացնելիս սույն օրենքի 89-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանները պարզում են, թե որքանով են պահպանված համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված այն պայմանները, որոնք դատավճռի փոխարկման վերաբերյալ որոշում կայացնելու հիմք են: Այդ պայմանների պահպանված լինելը, ինչպես նաև տվյալ միջազգային պայմանագրով դատավճռի փոխարկումը մերժելու հիմքերի բացակայությունը հիմք են օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում փոխարկելու և ի կատար ածելու համար:
3. Օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը ենթակա է փոխարկման Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված դեպքում, եթե օտարերկրյա պետության դատարանի դատավճռով սահմանված պատժի ժամկետը գերազանցում է տվյալ հանցանքի համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված առավելագույն պատժի չափը: Օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը փոխարկելու դեպքում սույն օրենքի 89-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանները համապատասխանեցնում են դատապարտված անձի կատարած հանցանքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան արարքին և սահմանում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նույն արարքի համար սահմանված պատիժը:
4. Դատավճռի փոխարկումը կարող է մերժվել, եթե դա նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով՝ նկատի ունենալով նաև կիրառվող միջազգային պայմանագրի վերաբերյալ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կողմից պաշտոնապես արված հայտարարությունները կամ վերապահումները, ինչպես նաև եթե արարքը, որի համար անձը դատապարտվել է, Հայաստանի Հանրապետության օրենքով քրեորեն պատժելի չէ: