Հոդված 40. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած անձանց ձերբակալման կարգը
Հոդված 40. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած անձանց ձերբակալման կարգը
1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած և օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից հետախուզվող այն անձը, որի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանքը, հայտնաբերման դեպքում ենթակա է ձերբակալման հետաքննության մարմնի կողմից:
2. Հայտնաբերված անձին հետաքննության մարմին ներկայացնելուց անմիջապես հետո ձերբակալումն իրականացնող հետաքննության մարմինը ի դեմս ձերբակալումն իրականացրած պաշտոնատար անձի կազմում է արձանագրություն: Արձանագրությունն ստորագրում են հայտնաբերված անձը, հետաքննության մարմնի իրավասու պաշտոնատար անձը, ինչպես նաև տվյալ գործողությանը ներկա անձինք:
3. Արձանագրության մեջ նշվում են՝
1) ձերբակալվածի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը, հաշվառման կամ փաստացի բնակության հասցեն,
2) անձին ազատությունից փաստացի զրկելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն, վայրը և իրավական հիմքը,
3) ձերբակալում իրականացրած պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը,
4) ձերբակալվածի հայտարարությունները,
5) ձերբակալվածին հետաքննության մարմին ներկայացնելու և արձանագրություն կազմելու տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձին Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալելու դեպքում ձերբակալումն իրականացրած մարմինն անհապաղ տեղեկացնում է հետախուզումը նախաձեռնողին, իսկ հետախուզումն Ինտերպոլի ուղիներով հայտարարված լինելու դեպքում՝ նաև ներքին գործերի նախարարության ոստիկանության Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրո (այսուհետ՝ Ինտերպոլի ԱԿԲ)՝ պահանջելով սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:
5. Անձի ձերբակալման մասին արձանագրությունն անհրաժեշտ փաստաթղթերի հետ անհապաղ ուղարկվում է սույն օրենքի 32-րդ հոդվածում նշված իրավասու մարմին:
6. Եթե ձերբակալվածի նկատմամբ ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կիրառվում կալանավորում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման:
7. Սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմինը ձերբակալման արձանագրությունն ստանալուց հետո ձերբակալման մասին անհապաղ տեղեկացնում է հետախուզում հայտարարած օտարերկրյա պետության իրավասու մարմնին և (կամ) արտաքին գործերի նախարարությանը:
8. Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից հետախուզվող անձի վերաբերյալ ժամանակավոր կալանավորման կամ հանձնման մասին հարցումը օտարերկրյա պետության իրավասու մարմնից ստացվելու և սույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմինը հետաքննության մարմնին հանձնարարում է հայտնաբերել հետախուզվող անձին և սույն օրենքով սահմանված կարգով ձերբակալել:
9. Եթե անձի ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում պարզվում են անձի հանձնումը բացառող՝ սույն օրենքի 33-րդ կամ 62-րդ հոդվածով նախատեսված հիմքերը, ապա սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմնի հանձնարարության հիման վրա հետաքննության մարմինը որոշում է կայացնում վերջինիս արգելանքից անհապաղ ազատելու մասին, բացառությամբ սույն օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված դեպքի: