Հոդված 7. Իրավական օգնության շրջանակներում կենտրոնական մարմինները
Հոդված 7. Իրավական օգնության շրջանակներում կենտրոնական մարմինները
1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում իրավական օգնության շրջանակներում համագործակցությունը համակարգող կենտրոնական մարմիններն են՝
1) գլխավոր դատախազությունը՝ մինչդատական վարույթում գտնվող քրեական վարույթներով սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանված հարցումներ ուղարկելու և ստանալու, ստացված հանձնման հարցումների վերաբերյալ որոշումներ կայացնելու, վարույթներ ուղարկելու, ստանալու, դրանց ընթացքը լուծելու հարցերով.
2) արդարադատության նախարարությունը՝ դատական վարույթում իրավական օգնության մասին հարցումներն օտարերկրյա պետության իրավասու մարմիններ ուղարկելու, ստանալու, դրանց ընթացքը լուծելու հարցերով, ինչպես նաև դատական վարույթում գտնվող գործերով կամ դատավճիռների կատարումն ապահովելու նպատակով հանցանք կատարած անձանց հանձնելու, քրեական վարույթների փոխանցման, դատավճիռների ճանաչման և կատարման, ինչպես նաև դատապարտյալների փոխանցման, պատժից պայմանական ազատված կամ պատիժը պայմանական չկիրառելու դատապարտված անձանց նկատմամբ հսկողություն իրականացնելու վերաբերյալ որոշումներ կայացնելու և հարցումներ կատարելու առնչությամբ:
2. Իրավական օգնություն ցուցաբերելու մասին անմիջականորեն ստացված հարցումները, որոնք ուղարկվել են Հայաստանի Հանրապետության ոչ կենտրոնական մարմին, անհապաղ պետք է վերահասցեագրվեն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կենտրոնական մարմնին՝ կատարումն ապահովելու համար, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
3. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում հաղորդակցությունը կարող է իրականացվել դիվանագիտական ուղիներով՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կամ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (այսուհետ՝ Ինտերպոլ) միջոցով, որոնք, համապատասխան հարցումներն ստանալով, դրանք դիվանագիտական կամ Ինտերպոլի խողովակներով անհապաղ փոխանցում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կենտրոնական մարմնին՝ կատարումն ապահովելու համար, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
4. Փոխադարձության և Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված կենտրոնական կամ այլ հաղորդակցության մարմինների միջոցով համագործակցության և իրավական օգնության շրջանակներում օտարերկրյա պետության տարածքում այդ պետության օրենքներով սահմանված և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին չհակասող կարգով ստացված տեղեկությունները և ձեռք բերված ապացույցներն ունեն Հայաստանի Հանրապետությունում ստացված ապացույցներին հավասար իրավաբանական ուժ: