Հոդված 43. Նախքան հանձնման մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնից հարցումն ստանալն անձին ժամանակավոր կալանավորելը
Հոդված 43. Նախքան հանձնման մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնից հարցումն ստանալն անձին ժամանակավոր կալանավորելը
1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած և Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված անձանց նկատմամբ կիրառվում է ժամանակավոր կալանավորում մինչև 40 օր ժամկետով կամ միջազգային պայմանագրով նախատեսված այլ ժամկետով հանձնելու վերաբերյալ հարցումն ստանալու և հանձնումը բացառող հանգամանքները պարզելու նպատակով:
2. Մինչև հանձնելու մասին հարցումը ներկայացնելը անձին ժամանակավոր կալանավորելու մասին միջնորդության կամ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման կամ դատավճռի պատճենները կարող են ուղարկվել փոստով, այդ թվում՝ էլեկտրոնային կամ հեռագրով կամ տեխնիկական այլ միջոցներով, ինչպես նաև Ինտերպոլի կամ անձի հետախուզում իրականացնող այլ միջազգային կազմակերպության միջոցով, որին մասնակից է Հայաստանի Հանրապետությունը:
3. Օտարերկրյա պետության դատարանի վարույթում գտնվող գործով, ինչպես նաև եթե տվյալ անձի վերաբերյալ առկա է դատավճիռ, հայտնաբերված անձի ձերբակալման պահից 60 ժամվա ընթացքում սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված իրավասու մարմինը գլխավոր դատախազություն և հետաքննության մարմին է ներկայացնում ձերբակալման իրավաչափության և կալանավորման նպատակահարմարության վերաբերյալ դիրքորոշում՝ կցելով սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը և դրանց հայերեն թարգմանությունը, ըստ որում, ծավալուն մեղադրական եզրակացությունների կամ դատավճիռների դեպքում կարող է ներկայացվել դրանց քաղվածքի թարգմանությունը:
4. Ձերբակալման՝ սույն օրենքով սահմանված առավելագույն ժամկետը լրանալուց առնվազն 12 ժամ առաջ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դիրքորոշումը, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը և դրանց հայերեն թարգմանությունը գլխավոր դատախազություն և հետաքննության մարմին չներկայացվելու դեպքում ձերբակալված անձը դատախազի որոշմամբ ազատ է արձակվում:
5. Դատախազը անձի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնում է ձերբակալման վայրի դատարան: Միջնորդությանը կցվում են ձերբակալման արձանագրության պատճենը, օտարերկրյա պետության իրավասու մարմնի՝ անձին ժամանակավոր կալանավորելու մասին Ինտերպոլի կամ այլ ուղիներով ստացված միջնորդության կամ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման կամ դատավճռի պատճենները և ձերբակալվածի անձը հաստատող փաստաթղթերը, իսկ օտարերկրյա պետությունում դատարանի վարույթում գտնվող գործով կամ դատավճռի կատարումից խուսափող անձի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու միջնորդություն ներկայացվելու դեպքում՝ նաև արդարադատության նախարարության դիրքորոշումը:
6. Միջնորդության քննության ընթացքում դատարանն իրավասու չէ քննարկելու անձի մեղավորության հարցը կամ ստուգելու օտարերկրյա պետության մարմինների ընդունած և ներկայացրած դատավարական կամ այլ փաստաթղթերի օրինականությունը և հիմնավորվածությունը:
7. Միջնորդությունը քննարկելիս դատարանը, լսելով սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված անձանց, ուսումնասիրելով ներկայացված նյութերը, որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու և ժամանակավոր կալանավորում կիրառելու կամ միջնորդությունը մերժելու մասին:
8. Դատարանի որոշման վերանայման բողոք կարող է ներկայացվել սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված կարգով:
9. Միջնորդության քննարկման արդյունքների մասին դատախազը կամ արդարադատության նախարարությունը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված միջոցներով տեղյակ է պահում օտարերկրյա պետության իրավասու մարմնին:
10. Եթե հանձնելու վերաբերյալ հարցումը չի ստացվել ժամանակավոր կալանավորման համար նախատեսված առավելագույն ժամկետի ընթացքում, կամ պարզվել են հանձնումը բացառող հանգամանքներ, ապա անձը ենթակա է ազատ արձակման, բացառությամբ սույն օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված դեպքերի: Անձին ժամանակավոր կալանավորումից ազատելը չի խոչընդոտում հետագայում նրա նկատմամբ սույն օրենքի 44-րդ հոդվածով սահմանված կարգով հանձնման նպատակով կալանավորում կիրառելը:
11. Սույն հոդվածով, ինչպես նաև օրենքի 44-47-րդ հոդվածներով նախատեսված միջնորդությունների քննությունը դատարանում իրականացվում է միջնորդությունը ներկայացրած անձի, օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից հետախուզվող անձի, եթե վերջինս ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին, սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև նրա օրինական ներկայացուցչի, փաստաբանի և թարգմանչի մասնակցությամբ: