Հոդված 13. Իրավական օգնության մասին հարցման ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները
Հոդված 13. Իրավական օգնության մասին հարցման ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները
1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով սահմանված կարգով և, հաշվի առնելով դրանով սահմանված բացառությունները, օտարերկրյա պետության իրավասու մարմնին հասցեագրվող իրավական օգնության մասին հարցումը պետք է բովանդակի՝
1) հարցումն ուղարկող իրավասու մարմնի անվանումը,
2) հայցվող իրավական օգնության տեսակը,
3) արարքի նկարագրությունը, որի առնչությամբ ուղարկվում է հարցումը,
4) հնարավորության դեպքում՝ արարքը կատարելու ժամանակի և տեղի մասին հնարավորինս ստույգ նշումներ,
5) այն օրենքի տեքստի պատճենը (կամ քաղվածքը), որը տվյալ արարքը դիտում է որպես հանցանք, ինչպես նաև այն օրենսդրական նորմերի տեքստերի պատճենները, որոնք էական նշանակություն ունեն գործով վարույթի համար,
6) ենթադրյալ հանցանք կատարած անձի կամ մեղադրյալի ինքնությունը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ՝ անունը, հայրանունը և ազգանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը, վայրը, հնարավորության դեպքում` քաղաքացիությունը, բնակության կամ գտնվելու վայրը (հասցեն) և այլ տվյալներ,
7) առկայության դեպքում՝ հանցանքով պատճառված վնասի չափի և հարցումն ուղարկելու պահին դրա հատուցման հնարավորության մասին տվյալներ,
8) գույքի արգելադրում կամ բռնագրավված գույքի փոխանցում ենթադրող հարցումների դեպքում՝ տեղեկություններ համապատասխան գույքի վերաբերյալ:
2. Իրավական օգնության հարցումը կարող է պարունակել նաև ցանկացած այլ տեղեկություն, որը հարցումը կազմող իրավասու մարմինը կարող է օգտակար համարել դրա կատարումն ապահովելու համար:
3. Հարցմանը կից կարող են ուղարկվել հարցումը ներկայացրած իրավասու մարմնի մոտ առկա ապացույցները և այլ նյութեր:
4. Հարցումը և կից բոլոր փաստաթղթերը պետք է պատշաճ կերպով ստորագրված կամ հաստատված կամ վավերացված լինեն իրավասու մարմնի կողմից: Իրավական օգնության մասին հարցումը և դրան կից փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև իրավասու մարմինների միջև համաձայնեցված էլեկտրոնային եղանակով՝ հետագայում դրանց բնօրինակները սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված ուղիներով ուղարկելու պայմանով:
5. Հարցումը կազմող իրավասու մարմինը պարտավորվում է ապահովել նաև հարցման՝ միջազգային պայմանագրով սահմանված համապատասխան լեզվով թարգմանությունը: