Հոդված 9. Իրավական օգնության մասին հարցումների կատարման ընդհանուր պայմանները
Հոդված 9. Իրավական օգնության մասին հարցումների կատարման ընդհանուր պայմանները
1. Օտարերկրյա պետության իրավասու մարմինների հարցումով Հայաստանի Հանրապետության տարածքում իրավական օգնության հարցումները կատարվում են Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Օտարերկրյա պետության իրավասու մարմինների հարցումով Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքով նախատեսված գործողություններ կատարելիս Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, ինչպես նաև իրավասու պետական այլ մարմիններ կիրառում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի և սույն օրենքով, այլ օրենքներով սահմանված նորմերը՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերով նախատեսված բացառություններով:
3. Օտարերկրյա պետության իրավասու մարմինների հարցումով Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքով նախատեսված գործողություններ կատարելիս Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, ինչպես նաև իրավասու պետական այլ մարմիններ կարող են կիրառել համապատասխան օտարերկրյա պետության քրեական դատավարության օրենսդրության նորմերը, եթե վերջիններիս կիրառումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և տվյալ օտարերկրյա պետության մասնակցությամբ գործող վավերացված միջազգային պայմանագրով:
4. Օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հարցման հիման վրա սույն օրենքով նախատեսված գործողությունները կատարվում են ողջամիտ ժամկետներում, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած համապատասխան միջազգային պայմանագրով հստակ ժամկետ սահմանված չէ:
5. Եթե օտարերկրյա պետության իրավասու մարմնի ներկայացրած հարցումը պարունակում է հարցման կատարմանը տվյալ պետության լիազոր ներկայացուցչի ներկայության խնդրանք, ապա սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կենտրոնական մարմինը լուծում է խնդրանքը բավարարելու կամ մերժելու հարցը՝ այդ մասին հայտնելով օտարերկրյա պետության իրավասու մարմնին, խնդրանքը բավարարելու դեպքում՝ հայտնելով նաև հարցումը կատարելու վայրի և ժամանակի մասին: