Հոդված 39. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած անձանց հետաքննության մարմին ներկայացնելու կարգը
Հոդված 39. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած անձանց հետաքննության մարմին ներկայացնելու կարգը
1. Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից հետախուզվող այն անձի հայտնաբերման դեպքում, որի նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ, կամ ընտրված է ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց, վերջինս հետաքննության մարմնի կողմից ներկայացվում է հետաքննության մարմին ինքնությունն ստուգելու (նույնականացնելու) նպատակով, որի մասին կազմվում է արձանագրություն: Արձանագրությունն ստորագրում են հայտնաբերված անձը, հետաքննության մարմնի իրավասու պաշտոնատար անձը, ինչպես նաև տվյալ գործողությանը ներկա անձինք:
2. Արձանագրության մեջ նշվում են՝
1) հայտնաբերված անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը, հաշվառման կամ փաստացի բնակության հասցեն,
2) հայտնաբերված անձին ազատությունից փաստացի զրկելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն, հայտնաբերման վայրը, հիմքերը,
3) հայտնաբերված անձի հայտարարությունները,
4) հայտնաբերված անձին հետաքննության մարմին ներկայացրած հետաքննության մարմնի իրավասու պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը,
5) հայտնաբերված անձին հետաքննության մարմին ներկայացնելու և արձանագրություն կազմելու տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն:
3. Սույն հոդվածով սահմանված կարգով անձին անազատության մեջ պահելը չի կարող տևել ավելի, քան նրան փաստացի ազատությունից զրկելու պահից վեց ժամը: Անձին անազատության մեջ պահելու իրավական հիմքերը վերանալու կամ սույն մասով սահմանված առավելագույն ժամկետը լրանալու դեպքում անձն անհապաղ ազատ է արձակվում: Այդ փաստը և անձին ազատ արձակելու հիմքը, տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն նշվում են համապատասխան արձանագրության մեջ, որի օրինակը հանձնվում է անձին:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձի հայտնաբերման դեպքում հետաքննության մարմինն այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացնում է հետախուզումը նախաձեռնողին և սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմնին՝ կցելով կազմված փաստաթղթերը: