Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՀԱՆՁՆՈՒՄԸ

Հոդված 33. Հանձնումը մերժելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 33. Հանձնումը մերժելը

1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա անձի հանձնման վերաբերյալ օտարերկրյա պետության իրավասու մարմնի հարցումը մերժվում է սույն օրենքով և միջազգային պայմանագրով նախատեսված հիմքերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ, անձի հանձնման վերաբերյալ օտարերկրյա պետության իրավասու մարմնի հարցումը մերժվում է՝

1) եթե հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ հանձնումը պահանջվել է հայցվող անձի ռասայական, կրոնական, ազգային, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական կարծիքի պատճառով քրեական հետապնդում իրականացնելու կամ պատժի կիրառման համար.

2) եթե լուրջ վտանգ կա, որ հանձնումը թույլատրելու դեպքում հայցվող անձին կարող են սպառնալ խոշտանգում կամ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք կամ պատիժ.

3) եթե հարցումը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանձնմանը.

4) եթե հանձնման ենթակա անձի նկատմամբ, Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, քրեական հետապնդում չի կարող իրականացվել, կամ դատավճիռը չի կարող ի կատար ածվել վաղեմության ժամկետն անցնելու պատճառով կամ այլ օրինական հիմքով.

5) եթե Հայաստանի Հանրապետությունում նույն արարքի համար արդեն իսկ առկա է անձի նկատմամբ կայացված դատավճիռ կամ գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում.

6) եթե անձը, որի հանձնման վերաբերյալ օտարերկրյա պետությունը հարցում է ներկայացրել, հետապնդվում է այնպիսի հանցանք կատարելու համար, որի համար տվյալ երկրի ներպետական օրենսդրությամբ նախատեսված է մահապատիժ, և օտարերկրյա պետությունը չի ներկայացրել սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված երաշխիքը.

7) եթե անձը, որի հանձնման վերաբերյալ օտարերկրյա պետությունը հարցում է ներկայացրել, կենթարկվի քրեական պատասխանատվության արտակարգ դատարանի կողմից, կամ եթե հանձնման ենթակա անձի նկատմամբ ի կատար ածվելիք դատավճիռը կայացվել է նման դատարանի կողմից.

8) եթե անձը, որի հանձնման վերաբերյալ օտարերկրյա պետությունը հանձնման մասին հարցում է ներկայացրել, տվյալ օտարերկրյա պետությունում դատապարտվել է ազատազրկման վեց ամսից պակաս ժամկետով, իսկ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով հանձնումը պահանջելու դեպքում հանձնումը պահանջվում է այնպիսի արարքի համար, որի համար Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության քրեական օրենսգրքով նախատեսված է մեկ տարուց պակաս ազատազրկման ձևով պատիժ.

9) եթե հանձնման մասին հարցումը օտարերկրյա պետությունը ներկայացրել է հանձնման ենթակա անձի բացակայությամբ կայացված դատավճռի կատարումն ապահովելու նպատակով և տվյալ օտարերկրյա պետությունը չի տրամադրում սույն օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված երաշխիքները.

10) եթե հանձնումը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, հասարակական կարգը կամ կենսական նշանակության այլ կարևոր շահեր.

11) միջազգային պայմանագրով նախատեսված այլ հիմքերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։