Հոդված 22. Փաստաբանի ներգրավման կարգը
Հոդված 22. Փաստաբանի ներգրավման կարգը
1. Փաստաբանը հայտնաբերված անձի ներկայացուցչությունն ստանձնում է՝
1) հայտնաբերված անձի, նրա օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականի, ինչպես նաև այլ անձանց հրավերով՝ հայտնաբերված անձի հետագա գրավոր համաձայնությամբ.
2) փաստաբանների պալատի կողմից նշանակվելով` հետաքննության մարմնի, սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմնի կամ դատարանի գրավոր պահանջի հիման վրա:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված մարմինները փաստաբանների պալատից պահանջում են փաստաբան նշանակել, եթե՝
1) հայտնաբերված անձը չի տիրապետում կամ ոչ բավարար չափով է տիրապետում հայերենին.
2) հայտնաբերված անձն անչափահաս է.
3) հայտնաբերված անձը հայտարարում է, որ չունի բավարար միջոցներ փաստաբանի ծառայությունների դիմաց վճարելու համար:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում փաստաբանի նշանակում նախաձեռնելուց առաջ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված մարմինը պարտավոր է հայտնաբերված անձին առաջարկել նրա ընտրությամբ հրավիրելու փաստաբան:
4. Հայտնաբերված անձի ներկայացուցչությունն ստանձնելուց անմիջապես հետո փաստաբանը սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված մարմին ներկայացնում է՝
1) անձը հաստատող փաստաթուղթ,
2) փաստաբան լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ,
3) իր լիազորությունները հաստատող և սույն օրենքով փաստաբան հրավիրելու իրավունք ունեցող անձի ստորագրությամբ վավերացված փաստաթուղթ կամ փաստաբան նշանակելու մասին իրավասու մարմնի որոշում:
5. Հայտնաբերված անձի բոլոր փաստաբանների ներկայությունը վերջինիս մասնակցությամբ իրականացվող գործողությանը, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված միջնորդությունների և բողոքների քննությանը պարտադիր չէ: Հայտնաբերված անձի վերաբերյալ գործողությունը, որին փաստաբանի մասնակցությունը պարտադիր է, չի կարող անօրինական ճանաչվել, եթե հայտնաբերված անձի ոչ բոլոր փաստաբաններն են մասնակցել տվյալ գործողությանը:
6. Այն դեպքում, երբ փաստաբանը չի ապահովում հայտնաբերված անձի վերաբերյալ միջնորդությունների կամ բողոքների քննությանը մասնակցությունը, դատարանն իրավունք ունի փաստաբանների պալատի միջոցով ներգրավելու նոր փաստաբան:
7. Հայտնաբերված անձն իրավունք ունի հրաժարվելու փաստաբանից: Հայտնաբերված անձը պարտավոր չէ բացահայտել փաստաբանից հրաժարվելու պատճառները:
8. Այն դեպքում, երբ փաստաբանից հրաժարվելը պայմանավորված է հայտնաբերված անձի անվճարունակությամբ, սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված մարմինն անհապաղ պահանջում է փաստաբան նշանակել պետական միջոցների հաշվին:
9. Փաստաբանից հրաժարվելու և պետական բյուջեի միջոցների հաշվին ներգրավված նոր փաստաբանից հրաժարվելու՝ հայտնաբերված անձի կամարտահայտությունը պարտադիր չէ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված մարմնի համար, եթե հայտնաբերված անձն ակնհայտ չարաշահում է փաստաբանից հրաժարվելու իր իրավունքը: Այդ դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված մարմինը չի ընդունում փաստաբանից հրաժարվելը: