Հոդված 69. Դատապարտյալի փոխանցման մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի դիմումը և դրան կից փաստաթղթերը
Հոդված 69. Դատապարտյալի փոխանցման մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի դիմումը և դրան կից փաստաթղթերը
1. Դատավճիռը կայացրած օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից դատապարտյալի փոխանցման դիմումը պետք է ներկայացվի գրավոր: Օտարերկրյա պետության իրավասու մարմնի դիմումին կից Հայաստանի Հանրապետության իրավասու մարմին պետք է ներկայացվեն նաև հետևյալ փաստաթղթերը.
1) դատապարտյալի գրավոր համաձայնությունը փոխանցումն իրականացնելու մասին կամ սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձի համաձայնությունը,
2) դատապարտյալի նկատմամբ կայացված դատավճռի հաստատված պատճենը, իսկ դատավճռի բողոքարկման դեպքում՝ դատապարտյալի վերաբերյալ օտարերկրյա պետության իրավասու դատարանների կայացրած բոլոր որոշումների պատճենները,
3) տեղեկություն պատժի կրած մասի և պատժի մնացած մասի վերաբերյալ (ներառյալ կալանավորման, պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ժամկետը և այլ մանրամասներ դատավճռի կատարումն ապահովելու վերաբերյալ),
4) տեղեկություն նշանակված լրացուցիչ պատիժների վերաբերյալ,
5) տեղեկություն պատիժը կրելու ժամկետի ավարտի և ուղղիչ հիմնարկի տեսակի ու ռեժիմի մասին,
6) տեղեկություն դատապարտյալի առողջական վիճակի (տեղափոխման ենթակա լինելու) մասին և դատապարտյալի սոցիալ-հոգեբանական բնութագիրը,
7) դատավճիռը կայացրած պետության քաղաքացի չհանդիսանալու մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի տրամադրած տեղեկանքը,
8) տեղեկություն հանցանքով պատճառված վնասի հատուցման չկատարված կամ դատավճռով սահմանված նյութական չմարված պարտավորությունների առկայության կամ բացակայության մասին:
2. Անհրաժեշտության դեպքում դատապարտյալի փոխանցման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը կարող է պահանջել նաև սույն հոդվածում չնշված այլ տեղեկություններ կամ փաստաթղթեր՝ սահմանելով դրանք ներկայացնելու համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետ: