Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

Հոդված 71. Դատապարտյալի փոխանցումը մերժելու հիմքերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 71. Դատապարտյալի փոխանցումը մերժելու հիմքերը

1. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից դատապարտյալի փոխանցումը մերժվում է, եթե՝

1) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով կամ այդ պետության օրենսդրությամբ նախատեսված հիմքերով պատիժը չի կարող կատարվել դատապարտյալի քաղաքացիության կամ քաղաքացիություն չունենալու դեպքում՝ մշտական բնակության վայր հանդիսացող պետության տարածքում.

2) մինչև դատապարտյալի փոխանցման վերաբերյալ իրավասու մարմնի որոշում կայացնելը դատավճիռը կայացրած պետության տարածքում կատարված արարքի համար դատապարտյալը պատիժը կրել է ամբողջությամբ կամ արդարացվել է, կամ պատժի չկրած մասը փոխարինվել է ավելի մեղմ՝ ազատազրկման հետ չկապված պատժատեսակով, կամ դատապարտյալը պատժից պայմանական ազատվել է.

3) դատապարտյալի փոխանցումը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության շահերը, ինքնիշխանությունը կամ հասարակական կարգը.

4) չի փոխհատուցվել հանցանքով պատճառված վնասը, կամ առկա են դատավճռով կամ դատական այլ ակտով սահմանված չմարված ֆինանսական պարտավորություններ.

5) բացակայում է դատապարտյալի տված գրավոր համաձայնությունը փոխանցման վերաբերյալ, կամ առկա է հիմնավոր կասկած նման համաձայնությունը դատապարտյալի կողմից ինքնակամ չտրամադրելու վերաբերյալ.

6) առկա է հիմնավոր կասկած դատապարտյալի փոխանցման դեպքում վերջինիս պահելու պայմանների վատթարացման, նրա նկատմամբ խոշտանգում կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք կիրառելու վերաբերյալ` կախված դատապարտյալի սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից.

7) առկա է հիմնավոր կասկած առ այն, որ դատապարտյալի փոխանցումն իրականացնելուց հետո նրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի դատավճռով նշանակված պատիժը կարող է էականորեն նվազեցվել, պատիժը առավել մեղմ պատժով փոխարինվել, կամ դատապարտյալի փոխանցումից անմիջապես հետո նրան կարող է ներում շնորհվել.

8) սույն օրենքի իմաստով՝ «պատժի էական նվազեցում» է համարվում դատարանի սահմանած պատժի կեսից ավելիի նվազեցումը.

9) Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից սույն օրենքի 72-րդ հոդվածով սահմանված չափորոշիչների հիման վրա դատապարտյալի փոխանցումը ճանաչվել է ոչ նպատակահարմար.

10) առկա է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով սահմանված այլ հիմք:

2. Եթե, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան, օտարերկրյա պետության իրավասու մարմնից ստացված դատապարտյալի փոխանցման հարցումը կատարելն անհնար է կամ չի բխում տվյալ միջազգային պայմանագրից, ապա օտարերկրյա պետության համապատասխան մարմինը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից հնգօրյա ժամկետում ծանուցվում է հարցման կատարման անհնարինության և դրա պատճառների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։