Հոդված 17. Իրավական օգնության հարցումով դատապարտված անձանց՝ որպես վկա կամ առերեսման մասնակից ժամանակավորապես փոխանցելու կարգը
Հոդված 17. Իրավական օգնության հարցումով դատապարտված անձանց՝ որպես վկա կամ առերեսման մասնակից ժամանակավորապես փոխանցելու կարգը
1. Դատապարտված անձը, որի անձնական ներկայության համար դիմել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, որպես վկա կամ առերեսման մասնակից, վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում և կարգով կարող է ժամանակավորապես փոխանցվել այն օտարերկրյա պետության իրավասու մարմնին, որի պետության տարածքում քրեական վարույթ է իրականացվում՝ պայմանով, որ նա կվերադարձվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին նախապես համաձայնեցված ժամկետում:
2. Փոխանցումը կարող է մերժվել, եթե՝
1) դատապարտված անձը չի տալիս իր համաձայնությունը.
2) նրա ներկայությունն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական վարույթ իրականացնելու համար.
3) փոխանցումը կերկարաձգի նրա կալանքի տակ գտնվելու կամ ազատազրկման սահմանված ժամկետը.
4) առկա են օտարերկրյա պետության տարածք նրա փոխանցումը խոչընդոտող այլ հիմքեր.
5) առկա են Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված այլ հիմքեր:
3. Դատապարտված անձին անձնական ներկայության համար որպես վկա կամ առերեսման մասնակից սույն հոդվածով նախատեսված կարգով օտարերկրյա պետության իրավասու մարմնին ժամանակավորապես փոխանցելու հարցումը ներկայացվում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված մարմին:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգը կիրառելի է նաև օտարերկրյա պետության տարածքում դատապարտված անձանց որպես վկա կամ առերեսման մասնակից Հայաստանի Հանրապետության տարածք ժամանակավորապես փոխանցելու համար:
5. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված մարմինը դատապարտված անձին անձնական ներկայության համար որպես վկա կամ առերեսման մասնակից ժամանակավորապես փոխանցելու վերաբերյալ օտարերկրյա պետության իրավասու մարմնի հարցումը ստանալուց հետո միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության իրավասու դատարան՝ խնդրելով թույլատրել ազատազրկման դատապարտված անձին օտարերկրյա պետությունից տեղափոխվելուց հետո պատժի կրումը շարունակել կամ պահվել Հայաստանի Հանրապետության համապատասխան քրեակատարողական հիմնարկում վերջինիս կողմից որպես վկա կամ առերեսման մասնակից հանդես գալու ողջ ընթացքում:
6. Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված մարմնի միջնորդությունն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, գրավոր ընթացակարգով որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության համապատասխան քրեակատարողական հիմնարկում որպես վկա կամ առերեսման մասնակից ժամանակավորապես փոխանցված դատապարտված անձին պահելու մասին միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին: