Հոդված 42. Ձերբակալման իրավաչափությունը վիճարկելու կարգը
Հոդված 42. Ձերբակալման իրավաչափությունը վիճարկելու կարգը
1. Ձերբակալման իրավաչափությունը ձերբակալված անձի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ փաստաբանի կողմից կարող է վիճարկվել դատական կարգով՝ ձերբակալման վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ անձին փաստացի ազատությունից զրկելուց հետո՝ 15-օրյա ժամկետում:
2. Դատարանը սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում բողոքն ստանալուց հետո՝ անհապաղ, իսկ սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ եռօրյա ժամկետում, հետաքննության մարմնից պահանջում է ձերբակալման վերաբերյալ փաստաթղթերը:
3. Դատարանը բանավոր ընթացակարգով դռնփակ դատական նիստում բողոքը քննարկում է՝
1) անհապաղ, եթե բողոքում առերևույթ հիմնավորվել է, որ առկա է անձի կյանքին սպառնացող վտանգ, կամ նա ենթարկվել է խոշտանգման.
2) տվյալ անձի նկատմամբ ժամանակավոր, հանձնման նպատակով կամ փաստացի հանձնման նպատակով կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդության առկայության դեպքում՝ դրա քննարկման հետ միաժամանակ.
3) տվյալ անձի նկատմամբ կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդության բացակայության դեպքում՝ բողոքն ստանալու պահից ոչ շուտ, քան հինգ, ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում:
4. Հայտնաբերված անձի նկատմամբ կալանավորման միջնորդություն չներկայացվելու դեպքում դատարանում ձերբակալման իրավաչափության բողոքարկմանը մասնակցում են հետաքննության մարմնի ներկայացուցիչը, ձերբակալված անձը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը:
5. Բողոքի քննարկման արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) բողոքը մերժելու մասին.
2) բողոքը բավարարելու մասին:
6. Սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշում կայացվելու դեպքում, եթե դատարանը պարզում է, որ ձերբակալման ընթացքում խախտվել են ձերբակալված անձի՝ սույն օրենքով նախատեսված իրավունքները կամ ձերբակալման՝ սույն օրենքով նախատեսված կարգը, ապա դատարանը՝
1) իր որոշմամբ ձերբակալված անձին պարզաբանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուցում ստանալու կարգը.
2) խախտման փաստի կապակցությամբ իրավական ընթացակարգ սկսելու նպատակով դիմում է իրավասու մարմիններ կամ պաշտոնատար անձանց.
3) անհրաժեշտության դեպքում իրավասու մարմիններին պարտավորեցնում է անհապաղ միջոցներ ձեռնարկել ձերբակալված անձի իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ:
7. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դատական ակտի դեմ կարող է ներկայացվել վերանայման բողոք՝ սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված կարգով: