Հոդված 47. Քրեական վարույթը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին փոխանցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ձերբակալման և կալանավորման կարգը
Հոդված 47. Քրեական վարույթը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին փոխանցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ձերբակալման և կալանավորման կարգը
1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քրեական վարույթը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու նպատակով կալանավորման մասին միջնորդություն ստանալու դեպքում ենթակա են ձերբակալման սույն օրենքի 40-րդ հոդվածով սահմանված կարգով:
2. Հետաքննության մարմինն անձի ձերբակալման դեպքում պարտավոր է անհապաղ ստուգել վերջինիս Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու հանգամանքը և համապատասխան փաստաթուղթը ձերբակալման վերաբերյալ փաստաթղթերի հետ ներկայացնել սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմին:
3. Ձերբակալված անձի հայտնաբերման և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ տեղեկությունը սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմինն անմիջականորեն կամ դիվանագիտական (Ինտերպոլի ԱԿԲ-ի) ուղիներով հայտնում է հետախուզում նախաձեռնած պետության իրավասու մարմիններին և առաջարկում ձերբակալման ժամկետը լրանալուց առնվազն 24 ժամ առաջ ներկայացնել քրեական վարույթը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու վերաբերյալ դիրքորոշում՝ կցելով վարույթը փոխանցելու նպատակով անձին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն:
4. Օտարերկրյա պետության դատարանի վարույթում գտնվող գործով, ինչպես նաև եթե տվյալ անձի վերաբերյալ առկա է դատավճիռ, սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված միջնորդություն ստացվելու դեպքում հայտնաբերված անձի ձերբակալման պահից 60 ժամվա ընթացքում սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված իրավասու մարմինը գլխավոր դատախազություն և հետաքննության մարմին է ներկայացնում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը և դրանց հայերեն թարգմանությունը, ըստ որում, ծավալուն մեղադրական եզրակացությունների կամ դատավճիռների դեպքում կարող է ներկայացվել դրանց քաղվածքի թարգմանությունը:
5. Ձերբակալման առավելագույն ժամկետը լրանալուց առնվազն 12 ժամ առաջ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը և դրանց հայերեն թարգմանությունը գլխավոր դատախազություն և հետաքննության մարմին չներկայացվելու դեպքում անձն ազատ է արձակվում դատախազի որոշմամբ:
6. Դատախազը քրեական գործով վարույթը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու նպատակով անձին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացում անձի ձերբակալման վայրի դատարան, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը չստացվելու դեպքում հանձնարարում է հետաքննության մարմնին անձին ազատել արգելանքից: Նշված միջնորդության քննարկումն իրականացվում է սույն օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով:
7. Այն դեպքում, երբ կալանավորված անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու հանգամանքն ի հայտ է գալիս կալանավորման ժամկետի ընթացքում, սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմիններն անմիջապես ձեռնարկում են սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործողությունները՝ հետախուզումը նախաձեռնած պետությանն առաջարկելով եռօրյա ժամկետում քրեական վարույթը փոխանցելու նպատակով անձին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել:
8. Քրեական վարույթը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին փոխանցելու նպատակով անձին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն ստացվելու դեպքում սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված մարմինը վարույթի փոխանցման նպատակով անձին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացնում նրան արգելանքի վերցնելու վայրի դատարան: Նշված միջնորդության քննարկումն իրականացվում է սույն օրենքի 44-րդ հոդվածով սահմանված կարգով:
9. Օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետում նշված միջնորդությունը չներկայացվելու դեպքում անձն ազատ է արձակվում արգելանքից սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով և հետագայում նման միջնորդություն ստացվելու դեպքում՝ ենթակա չէ կալանավորման:
10. Սույն հոդվածի 6-րդ և 8-րդ մասերով նախատեսված միջնորդությունների քննության արդյունքով կայացված դատական ակտերի դեմ վերանայման բողոք կարող է ներկայացվել սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված կարգով:
11. Քրեական վարույթը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին փոխանցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացուն արգելանքի տակ պահելու ժամկետը չի կարող գերազանցել 40 օրը:
12. Վարույթի փոխանցման նպատակով սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված 40-օրյա ժամկետի մեջ չի հաշվարկվում հայտնաբերված անձի՝ ժամանակավոր կալանավորման տակ գտնվելու ժամանակահատվածը:
13. Սույն հոդվածի շրջանակներում հանցանքի ծանրությունը որոշվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածին համապատասխան: