Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

Հոդված 70. Դատապարտյալի փոխանցման վերաբերյալ որոշում կայացնելու կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 70. Դատապարտյալի փոխանցման վերաբերյալ որոշում կայացնելու կարգը

1. Օտարերկրյա պետության տարածքում ազատազրկման ձևով պատիժը կրող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ քաղաքացիություն չունեցող կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող դատապարտյալի փոխանցման թույլտվության վերաբերյալ որոշում կայացնելու համար Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը դիմում է օտարերկրյա պետության իրավասու մարմին սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու խնդրանքով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում ազատազրկման ձևով պատիժը կրող՝ օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսացող կամ քաղաքացիություն չունենալու դեպքում՝ օտարերկրյա պետության քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ունեցող դատապարտյալի փոխանցումը թույլատրելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինն օտարերկրյա պետության իրավասու մարմին է ներկայացնում սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցումը և կից փաստաթղթերը փոխանցման վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու նպատակով:

3. Սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված օտարերկրյա պետության իրավասու մարմնի հարցումը և կից փաստաթղթերն ստանալուց հետո օտարերկրյա պետության տարածքում ազատազրկման ձևով պատիժը կրող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ քաղաքացիություն չունենալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ունեցող դատապարտյալի փոխանցման թույլտվության վերաբերյալ որոշում կայացնելուց հետո Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը օտարերկրյա պետության իրավասու մարմին է ներկայացնում դատապարտյալի փոխանցման վերաբերյալ համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության քրեական և քրեակատարողական օրենսգրքերից համապատասխան քաղվածքները, ինչպես նաև տեղեկություն Հայաստանի Հանրապետության տարածքում պատիժը կրելու վայրի՝ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկի ռեժիմի վերաբերյալ:

4. Դատապարտյալների փոխանցումն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը կիրառում է սույն գլխով սահմանված նորմերը՝ համապատասխան միջազգային պայմանագրերով նախատեսված բացառություններով:

5. Դատապարտյալի փոխանցման վերաբերյալ օտարերկրյա պետության իրավասու մարմինների հարցումները կատարվում են սույն գլխով նախատեսված ժամկետներում, եթե համապատասխան միջազգային պայմանագրով այլ ժամկետ սահմանված չէ:

6. Դատապարտյալի փոխանցումը թույլատրելու կամ փոխանցումը մերժելու վերաբերյալ որոշումը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը կայացնում է սույն օրենքի 68-րդ և 69-րդ հոդվածներով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո՝ եռամսյա ժամկետում: Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը դատապարտյալի փոխանցումը թույլատրելու կամ փոխանցումը մերժելու վերաբերյալ որոշման մասին դատապարտյալի փոխանցման հարցում ներկայացրած անձանց կամ օտարերկրյա պետության իրավասու մարմնին տեղեկացնում է որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

7. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից դատապարտյալի փոխանցումը թույլատրելու վերաբերյալ կայացված որոշումը վերջնական է և փոփոխության ենթակա չէ, բացառությամբ եթե փոխանցման վերաբերյալ որոշումը կայացվելուց հետո դատապարտյալն ինքնակամ չի հրաժարվել փոխանցման խնդրանքից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։