Հոդված 93. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի կատարման իրավական հետևանքները
Հոդված 93. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի կատարման իրավական հետևանքները
1. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի կատարման ապահովման նկատմամբ գործում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենքի ռեժիմը:
2. Պատիժ կրող անձի նկատմամբ այն առաջացնում է նույն իրավական հետևանքները, ինչ կառաջանար, եթե տվյալ անձը Հայաստանի Հանրապետության տարածքում դատապարտված լիներ իրավասու դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
3. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռով նշանակված պատիժը լրիվ կամ չկրած մասով Հայաստանի Հանրապետության տարածքում կրող անձը օգտվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պատժից վաղաժամկետ ազատվելու այն իրավունքներից, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերից, այդ թվում՝ ներման և համաներման իրավունքներից:
4. Պատժի լրիվ կամ դրա մի մասի կրումից՝ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով վաղաժամկետ ազատվելուց հետո անձը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է գտնվել իր կարգավիճակին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
5. Միաժամանակ, եթե պատժից վաղաժամկետ ազատված անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ և, ըստ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի, կարող է փոխանցվել իր քաղաքացիության երկիր հանդիսացող օտարերկրյա պետությանը, ապա այդ անձն իր համաձայնությամբ փոխանցվում է տվյալ պետությանը սույն օրենքի 8-րդ գլխով սահմանված կարգով:
6. Բռնագանձված գույքի բաշխում իրականացնելիս հարցում ուղարկած պետության խնդրանքի հիման վրա առաջնահերթ կերպով ապահովվում են տուժողներին պատճառված վնասի փոխհատուցումը, ինչպես նաև գույքի վերադարձը օրինական սեփականատերերին: Տուժողներին պատճառված վնասի փոխհատուցումը, ինչպես նաև գույքի վերադարձը օրինական սեփականատերերին իրականացվում են օտարերկրյա պետության միջոցով:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված գույքի բաշխումից հետո օտարերկրյա պետության դատարանի դատավճռի հիման վրա բռնագանձված գույքի կամ դրա արժեքի կեսը հարցում ուղարկած պետության խնդրանքով փոխանցվում է այդ օտարերկրյա պետությանը: Շահագրգիռ պետությունները կարող են կնքել կոնկրետ գործին առնչվող կամ ընդհանուր բնույթ կրող համաձայնագրեր, որոնք սահմանում են սույն մասով նախատեսված կանոններից տարբերվող գույքի բաշխման կանոններ: