Հոդված 155
Հոդված 155
Դիտարկման խորհրդաժողով
1. Այն տարվա հունվարի 1-ից տասնհինգ տարի հետո, երբ սկսվում է առաջին արդյունաբերական արտադրությունը, համաձայն հաստատված աշխատանքային պլանի, Ասամբլեան պետք է գումարի սույն մասին և դրան վերաբերող Հավելվածների այն դրույթների դիտարկման խորհրդաժողով, որոնք կարգավորում են Շրջանի պաշարների հետախուզման ու շահագործման համակարգը: Դիտարկման խորհրդաժողովը այդ ժամանակահատվածի ընթացքում կուտակված փորձի հիման վրա պետք է մանրամասն քննարկի ու պարզի.
ա) հասե՞լ են արդյոք սույն մասի՝ Շրջանի պաշարների հետախուզման և շահագործման համակարգը կարգավորող դրույթներն իրենց նպատակներին բոլոր տեսակետներից, ներառյալ այն, թե դրանք արդյոք օգուտ բերե՞լ են ամբողջ մարդկությանը,
բ) այդ 15-ամյա ժամանակահատվածի ընթացքում պահառված շրջանները մյուս շրջանների համեմատ շահագործվե՞լ են արդյոք արդյունավետ և հավասարակշռված,
գ) Շրջանի ու նրա պաշարների շահագործումը և օգտագործումը արդյոք իրականացվե՞լ են այնպես, որ նպաստեն համաշխարհային տնտեսության առողջ զարգացմանը և միջազգային առևտրի հավասարակշռված աճին,
դ) կանխվա՞ծ է արդյոք Շրջանում իրականացվող գործունեության մենաշնորհացումը,
ե) իրականացվե՞լ է արդյոք 150-րդ և 151-րդ հոդվածներում շարադրված քաղաքականությունը, և
զ) հանգեցրե՞լ է արդյոք այդ համակարգը Շրջանում իրականացվող գործունեությունից ստացվող օգուտների արդարացի բաշխման՝ հատուկ հաշվի առնելով զարգացող պետությունների շահերն ու պահանջմունքները:
2. Դիտարկման խորհրդաժողովը պետք է ապահովի մարդկության ընդհանուր ժառանգության սկզբունքի, բոլոր երկրների, հատկապես զարգացող պետությունների և Մարմնի շահերից ելնելով՝ Շրջանի պաշարների արդարացի շահագործման ապահովմանն ուղղված միջազգային ռեժիմի պահպանումը Շրջանում գործունեության կազմակերպման, իրականացման և վերահսկման համար: Այն պետք է ապահովի նաև սույն մասում նախատեսված այն սկզբունքների պահպանումը, որոնք վերաբերում են Շրջանի որևէ մասի նկատմամբ ինքնիշխանության կամ ինքնիշխանության իրականացման հավակնությունների անթույլատրելիությանը, Շրջանի նկատմամբ պետությունների իրավունքներին և նրանց ընդհանուր վարքագծին, ինչպես նաև, սույն Կոնվենցիային համապատասխան, նրանց մասնակցությանը Շրջանում իրականացվող գործունեությանը, Շրջանում իրականացվող գործունեության մենաշնորհացման կանխմանը, Շրջանի՝ բացառապես խաղաղ նպատակներով օգտագործմանը, Շրջանում իրականացվող գործունեության տնտեսական ասպեկտներին, ծովային գիտական հետազոտություններին, տեխնոլոգիայի փոխանցմանը, ծովային միջավայրի պաշտպանությանը, մարդկային կյանքի պաշտպանությանը, ափամերձ պետությունների իրավունքներին, Շրջանը ծածկող ջրերի ու այդ ջրերի վրայի օդային տարածության իրավական կարգավիճակին և Շրջանում իրականացվող գործունեության ու ծովային միջավայրում իրականացվող այլ գործունեության համաձայնեցմանը:
3. Դիտարկման խորհրդաժողովի ժամանակ կիրառվող՝ որոշումների ընդունման ընթացակարգը նույնն է, ինչ Ծովային իրավունքի հարցերով Միավորված ազգերի կազմակերպության երրորդ խորհրդաժողովի ժամանակ կիրառվող ընթացակարգը: Խորհրդաժողովը պետք է գործադրի բոլոր ջանքերը ցանկացած ուղղումների վերաբերյալ կոնսենսուսի միջոցով համաձայնություն կայացնելու համար, և այդ հարցերի կապակցությամբ քվեարկությունը չպետք է անցկացվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն սպառվել կոնսենսուսի հասնելու բոլոր ջանքերը:
4. Եթե դիտարկման խորհրդաժողովի աշխատանքների սկսվելուց հինգ տարի հետո այն համաձայնության չգա Շրջանի պաշարների հետախուզման և շահագործման համակարգի վերաբերյալ, Խորհրդաժողովը կարող է հաջորդող 12 ամիսների ընթացքում մասնակից պետությունների 3/4 մեծամասնությամբ ընդունել որոշում այդ համակարգը փոփոխող կամ վերափոխող այն ուղղումներն ընդունելու և մասնակից պետություններին դրանք վավերացնելու կամ միանալու համար ներկայացնելու մասին, որոնք ինքը անհրաժեշտ ու նպատակահարմար կգտնի: Այդպիսի ուղղումները բոլոր մասնակից պետությունների համար ուժի մեջ են մտնում մասնակից պետությունների 3/4 կողմից դրանք վավերացվելու կամ դրանց միանալու վերաբերյալ փաստաթղթերը ի պահ հանձնվելուց 12 ամիս հետո:
5. Սույն հոդվածին համապատասխան՝ Դիտարկման խորհրդաժողովի կողմից ընդունված ուղղումները չեն ազդում գործող պայմանագրերով ձեռք բերված իրավունքների վրա:
Բաժին 4
Մարմին
Ենթաբաժին Ա
Ընդհանուր դրույթներ