Հոդված 311
Հոդված 311
Կապը այլ կոնվենցիաների և միջազգային համաձայնագրերի հետ
1. Սույն Կոնվենցիան մասնակից պետությունների միջև հարաբերություններում ունի գերակայություն Ծովային իրավունքի վերաբերյալ Ժնևի 1958 թվականի ապրիլի 29-ի կոնվենցիաների նկատմամբ:
2. Սույն Կոնվենցիան չի փոփոխում մասնակից պետությունների իրավունքներն ու պարտականությունները, որոնք բխում են սույն Կոնվենցիայի հետ համատեղելի այլ համաձայնագրերից, և որոնք չեն ազդում այլ մասնակից պետությունների կողմից, սույն Կոնվենցիային համապատասխան, իրենց իրավունքների իրականացման ու պարտականությունների կատարման վրա:
3. Երկու կամ ավելի մասնակից պետություններ կարող են կնքել համաձայնագրեր, որոնք փոփոխում կամ կասեցնում են սույն Կոնվենցիայի դրույթների գործողությունը և տարածվում են միայն իրենց միջև հարաբերությունների վրա՝ պայմանով, որ այդ համաձայնագրերը չեն վերաբերում այն դրույթներին, որոնցից շեղումը անհամատեղելի է սույն Կոնվենցիայի օբյեկտի ու նպատակի արդյունավետ իրականացման հետ, և պայմանով, որ այդ համաձայնագրերը չեն ազդում նրա մեջ ամրագրված հիմնական սկզբունքների կիրառման վրա, և որ այդ համաձայնագրերի դրույթները չեն ազդում այլ մասնակից պետությունների կողմից սույն Կոնվենցիային համապատասխան իրենց իրավունքների իրականացման ու պարտականությունների կատարման վրա:
4. Մասնակից պետությունները, որոնք մտադրված են կնքել 3-րդ կետում նշված համաձայնագիր, պետք է սույն Կոնվենցիայի ավանդապահի միջոցով այլ մասնակից պետություններին տեղեկացնեն այդ համաձայնագիրը կնքելու իրենց մտադրության և սույն Կոնվենցիայի դրույթների գործողության փոփոխման կամ կասեցման մասին, որը նախատեսվում է այդ համաձայնագրով:
5. Սույն հոդվածը չի ազդում այն միջազգային համաձայնագրերի վրա, որոնք ակնհայտորեն թույլատրվում կամ նախատեսվում են սույն Կոնվենցիայի այլ հոդվածներին համապատասխան:
6. Մասնակից պետությունները համաձայնում են, որ չպետք է լինի որևէ ուղղում 136-րդ հոդվածում շարադրված՝ մարդկության ընդհանուր ժառանգության հիմնական սկզբունքի վերաբերյալ, և որ իրենք չեն լինի վերը նշված դրույթը խախտող որևէ համաձայնագրի կողմ: