Հոդված 217
Հոդված 217
Դրոշի պետությունների կողմից կատարման ապահովումը
1. Պետությունները պետք է ապահովեն իրենց դրոշի ներքո նավարկող կամ իրենց մոտ գրանցված նավերի կողմից նավերից ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման համար իրավասու միջազգային կազմակերպության կամ ընդհանուր դիվանագիտական խորհրդաժողովի միջոցով սահմանված կիրառելի միջազգային նորմերի ու չափանիշների և սույն Կոնվենցիային համապատասխան ընդունված իրենց օրենքների ու կանոնների պահպանումը, ինչպես նաև ընդունեն օրենքներ, կանոններ և դրանց իրականացման համար անհրաժեշտ այլ միջոցներ: Դրոշի պետությունները պետք է ձեռնարկեն միջոցներ՝ ուղղված այդ նորմերի, չափանիշների, օրենքների ու կանոնների արդյունավետ կատարման ապահովմանը՝ անկախ նրանից, թե որտեղ է կատարվել խախտումը:
2. Պետությունները պետք է, մասնավորապես, ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ՝ նպատակ ունենալով ապահովել, որ իրենց դրոշի ներքո նավարկող կամ իրենց մոտ գրանցված նավերին արգելվի նավարկել, մինչև ի վիճակի լինեն ծով դուրս գալ՝ պահպանելով միջազգային նորմերի ու չափանիշների 1-ին կետում նշված պահանջները, ներառյալ նավերի նախագծման, կառուցման, սարքավորման և անձնակազմի համալրման վերաբերյալ պահանջները:
3. Պետությունները պետք է ապահովեն, որ իրենց դրոշի ներքո նավարկող կամ իրենց մոտ գրանցված նավերն ունենան 1-ին կետում նշված միջազգային նորմերով ու չափանիշներով նախատեսված և այդ նորմերի ու չափանիշների համաձայն տրված վկայագրեր: Պետությունները պետք է ապահովեն, որ իրենց դրոշի ներքո նավարկող նավերը պարբերաբար ստուգման ենթարկվեն՝ նավի փաստացի վիճակին այդ վկայագրերին համապատասխանությունը պարզելու համար: Այդ վկայագրերը պետք է այլ պետությունների կողմից ընդունվեն որպես նավի վիճակի վերաբերյալ փաստաթղթեր և դիտվեն որպես փաստաթղթեր, որոնք ունեն նույն ուժը, ինչ իրենց կողմից տրվող վկայագրերը, եթե չկան ակնհայտ հիմքեր ենթադրելու, որ նավի վիճակը զգալի չափով չի համապատասխանում այդ վկայագրերի տվյալներին:
4. Եթե նավը կատարում է իրավասու միջազգային կազմակերպության կամ ընդհանուր դիվանագիտական խորհրդաժողովի միջոցով սահմանված նորմերի ու չափանիշների խախտում, դրոշի պետությունը, չխախտելով 218-րդ, 220-րդ ու 228-րդ հոդվածները, պետք է անհապաղ քննության միջոցներ ձեռնարկի և անհրաժեշտության դեպքում ենթադրյալ խախտման վերաբերյալ վարույթ հարուցի՝ անկախ նրանից, թե որտեղ է կատարվել այդ խախտումը, կամ որտեղ է այդ խախտման արդյունքում տեղի ունեցել կամ հայտնաբերվել աղտոտումը:
5. Դրոշի պետությունները, խախտման վերաբերյալ քննություն իրականացնելով, կարող են ցանկացած այլ պետության աջակցությունը խնդրել, որի հետ համագործակցությունը կարող է օգտակար լինել գործի հանգամանքները պարզելու համար: Պետությունները պետք է ձգտեն բավարարել դրոշի պետությունների համապատասխան խնդրանքները:
6. Ցանկացած պետության գրավոր խնդրանքով՝ պետությունները պետք է քննեն ցանկացած խախտում, որը ենթադրաբար կատարվել է իրենց դրոշի ներքո նավարկող նավերի կողմից: Եթե դրոշի պետությունը համոզվել է, որ բավարար ապացույցներ կան ենթադրյալ խախտման վերաբերյալ քննություն հարուցելու համար, նա պետք է անհապաղ այդպիսի քննություն հարուցի՝ իր օրենքներին համապատասխան:
7. Դրոշի պետությունները անհապաղ պետք է դիմող պետությանը և իրավասու միջազգային կազմակերպությանը տեղեկացնեն ձեռնարկված միջոցների ու դրանց արդյունքների մասին: Այդ տեղեկատվությունը պետք է մատչելի լինի բոլոր պետությունների համար:
8. Իրենց դրոշի ներքո նավարկող նավերի նկատմամբ պետությունների օրենքներով ու կանոններով նախատեսված պատիժները պետք է բավականաչափ խիստ լինեն խախտումները կանխելու համար՝ անկախ նրանից, թե որտեղ են դրանք կատարվել: