Հոդված 62
Հոդված 62
Կենդանի պաշարների օգտագործումը
1. Ափամերձ պետությունը պետք է նպաստի բացառիկ տնտեսական գոտում կենդանի պաշարների օպտիմալ օգտագործման նպատակի իրականացմանը՝ չխախտելով 61-րդ հոդվածը:
2. Ափամերձ պետությունը պետք է որոշի բացառիկ տնտեսական գոտում կենդանի պաշարների որսի իր հնարավորությունները: Եթե ափամերձ պետությունը հնարավորություն չունի որսալու ամբողջ թույլատրելի որսաքանակը, նա, համաձայնագրերի ու այլ պայմանավորվածությունների միջոցով և 4-րդ կետում նշված դրույթներին, պայմաններին, օրենքներին ու կանոններին համապատասխան, այլ պետություններին թույլատրելի որսաքանակի մնացորդը որսալու հնարավորություն է տալիս՝ հատուկ հաշվի առնելով 69-րդ և 70-րդ հոդվածների դրույթները հատկապես նրանցում հիշատակված զարգացող պետությունների մասով:
3. Սույն հոդվածի հիման վրա այլ պետություններին իր բացառիկ տնտեսական գոտի մուտք գործելու հնարավորություն տալով՝ ափամերձ պետությունը պետք է հաշվի առնի դրա հետ կապված բոլոր գործոնները, ներառյալ, inter alia, տվյալ շրջանի կենդանի պաշարների նշանակությունը այդ շահագրգիռ ափամերձ պետության տնտեսության համար և նրա այլ ազգային շահերը, 69-րդ և 70-րդ հոդվածների դրույթները, մնացորդի մասը որսալու հարցում տվյալ ենթատարածաշրջանի կամ տարածաշրջանի զարգացող պետությունների պահանջմունքները և այն պետությունների տնտեսության մեջ խախտումները նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը, որոնց քաղաքացիները սովորաբար տվյալ գոտում զբաղվել են ձկնորսությամբ, կամ որոնք զգալի ջանքեր են գործադրել պաշարների հետազոտման կամ բացահայտման գործում:
4. Բացառիկ տնտեսական գոտում ձկնորսությամբ զբաղվող այլ պետությունների քաղաքացիները պետք է պահպանեն տվյալ ափամերձ պետության օրենքներում ու կանոններում սահմանված` պահպանմանն ուղղված միջոցները և այլ դրույթներն ու պայմանները: Այդ օրենքներն ու կանոնները պետք է համապատասխանեն սույն Կոնվենցիային և կարող են, inter alia, վերաբերել հետևյալ հարցերին.
ա) ձկնորսների, ձկնորսական նավերի և սարքավորումների լիցենզավորմանը, ներառյալ գանձումները և վճարման այլ ձևերը, որոնք, զարգացող ափամերձ պետությունների հետ կապված, կարող են դիտվել համարժեք փոխհատուցում դրամական միջոցների, ձկնային արդյունաբերությանը վերաբերող սարքավորումների և տեխնոլոգիայի ձևով,
բ) որսի ենթակա տեսակների որոշմանը և կոնկրետ պաշարների կամ պաշարների խմբի որսի կամ որոշակի ժամանակահատվածի ընթացքում յուրաքանչյուր նավին բաժին ընկնող որսի կամ որոշակի ժամանակահատվածի ընթացքում ցանկացած պետության քաղաքացիների կողմից որսի քվոտաների սահմանմանը,
գ) ձկնորսության սեզոնների և շրջանների, որսի միջոցների տեսակների, չափերի և քանակի, ինչպես նաև այն ձկնորսական նավերի տեսակների, չափերի և քանակի կարգավորմանը, որոնք կարող են օգտագործվել,
դ) որսի ենթակա ձկների և այլ տեսակների տարիքի և չափի սահմանմանը,
ե) ձկնորսական նավերից պահանջվող տեղեկատվության որոշմանը, ներառյալ որսաքանակների և ձկնորսական ջանքերի վերաբերյալ վիճակագրական տվյալները, ինչպես նաև նավի գտնվելու վայրի մասին հաղորդումները,
զ) ափամերձ պետության թույլտվությամբ և նրա վերահսողության ներքո ձկնատնտեսական հետազոտությունների որոշակի ծրագրերի իրականացմանը և այդպիսի հետազոտությունների կատարման կարգավորմանը` ներառյալ որսաքանակների փորձանմուշներ վերցնելը, այդ նմուշների օգտագործումը և, դրա հետ կապված, գիտական տվյալների տրամադրումը,
է) այդ նավերի վրա ափամերձ պետության կողմից դիտորդներ կամ ստաժորներ նշանակելուն,
ը) ափամերձ պետության նավահանգիստներում այդ նավերի կողմից ամբողջ որսաքանակի կամ դրա մի մասի բեռնաթափմանը,
թ) համատեղ ձեռնարկություններին կամ այլ համատեղ միջոցառումներին վերաբերող դրույթներին և պայմաններին,
ժ) անձնակազմի պատրաստման և ձկնորսության տեխնոլոգիայի փոխանցման բնագավառի պահանջներին` ներառյալ ձկնատնտեսական հետազոտություններ կատարելու վերաբերյալ ափամերձ պետության հնարավորությունների ընդլայնման մասին պահանջները,
ժա) կատարման ապահովման ընթացակարգերին:
5. Ափամերձ պետությունները պետք է պատշաճ կերպով տեղեկացնեն կենդանի պաշարների պահպանման և դրանց կառավարման վերաբերյալ օրենքների ու կանոնների մասին: